Երևանի զարդը կամ սպիտակ ռոյալի պատմությունը

Տարիներ առաջ Հայաստան ժամանեց մի դաշնամուր, որն ընծա էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Ճապոնիայի կառավարության կողմից (ի թիվս մի քանի այլ երաժշտական գործիքների): Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ «Դարի ղողանջ» հիմնադրամի նախագծի մասին՝ 105 ռոյալների միջոցով նշել Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը: Առաջին դաշնամուրները Երևանում հայտնվել են 19-րդ դարի երկրորդ կեսին, իսկ 1927-ին բերվեց թերևս ամենանշանավորը։

Երևանյան առաջին դաշնամուրների հանգրվանը 1850-ին հիմնադրված Հռիփսիմյան օրիորդաց վարժարանն էր։ 1870-ականներին արդեն գործում էին դաշնամուրի կամընտրական դասընթացները՝ ուսանողուհիների խանդավառ ցանկությամբ ու իրենց իսկ նյութական միջոցներով։

Իմիջիայլոց, Հռիփսիմյան վարժարանի 1898-ին կառուցված շենքը, որ գտնվում է ներկայիս Ամիրյան փողոցում, Երևանում պահպանված 19-րդ դարի սակավաթիվ կոթողներից է, ու, ցավոք, այժմ անորոշ կարգավիճակ ունի։

Արդեն 20-րդ դարասկզբին դաշնամուրը վստահաբար երևանցիների շրջանում ամենից «հարգված» երաժշտական գործիքն էր։ Քաղաքում դաշնամուրի նկատմամբ ձևավորված  համընդհանուր հետաքրքրվածության մասին փաստում են «Эриванские объявления» թերթի համարները։

1921-ին Հայաստանում թափ առավ ակադեմիական երաժշտական կրթությունը. Երևանում Ռոմանոս Մելիքյանը կազմավորեց երաժշտական ստուդիա, որը երկու տարի անց վերաճեց պետական կոնսերվատորիայի։ 1926-ին բարձրագույն հաստատության ռեկտոր դարձավ կոմպոզիտոր Անուշավան Տեր-Ղևոնդյանը։ Նորանշանակ ղեկավարը 1927-ին կոնսերվատորիայի դահլիճի համար ձեռք բերեց նոր ռոյալ։

Հատկանշական է, որ Երևանի նշանավոր Բեխշտայնը՝ ոսկեգույն մեդալիոններով ու երիզվածքով զարդարված սպիտակ ռոյալը, նախքան քաղաք տեղափոխվելն արդեն իսկ օժտված էր հարուստ կենսագրությամբ: Գործիքը պատկանել էր մեծ իշխան Նիկոլայ Միխայլովիչին (Նիկոլայ I-ի թոռն էր ու Նիկոլայ II-ի հորեղբայրը): Տեղակայված էր իշխանի համար կառուցված պալատի սրահներից մեկում:

1927-ից սպիտակ Բեխշտայնն այժմյան Արամի 44 հասցեում էր՝ կոնսերվատորիային պատկանող շենքի (որն ի սկզբանե մեծահարուստ գործարար Ֆադեյ Թադևոսյանի բնակելի տունն էր) երկրորդ հարկի դահլիճում, ապա՝ նորակառույց երրորդ հարկի անկյունային մասում գտնվող դահլիճում:

Բազում տասնամյակներ Երևանի կոնսերվատորիային ու հայ երաժշտական մշակույթին ծառայած սպիտակ Բեխշտայնն այժմ չի օգտագործվում ու պահպանվում է կոնսերվատորիայի ռեկտորի աշխատասենյակում: