Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանք․ որտե՞ղ է գտնվում այս հրաշքը

5-րդ դարում հիմնադրված Եղիշե առաքյալի կամ Ջրվշտիկ վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս՝ սահմանի շփման գծի մոտ, Մռավ լեռան անտառապատ լանջին:

Վանական համալիրի տեղում նախաքրիստոնեական ժամանակաշրջանում գործել է հեթանոսական սրբավայր ՝ Միհր Ներսեհեա անունով: Սկզբում վանքը հայտնի է եղել Ներսմիհրի ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ՝ վանքի մոտ գտնվող Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա՝ Ս. Եղիշե առաքյալ վանք: Ենթադրվում է, որ վանական համալիրը Եղիշե առաքյալի վանք անվանումը ստացել է, երբ Հոռեկա վանքից այստեղ են տեղափոխվել քրիստոնեական կարևոր դեմքերից մեկի՝ Եղիշե առաքյալի մասունքները։

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, յոթ մատուռներից, գերեզմանատնից և օժանդակ այլ շինություններից։ Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության և գրչության կենտրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր ձեռագրեր: