Հին Երևանի մահն ու այն հավերժացնող լուսանկարների պատմությունը
Հայտնի երևանցին՝Հայ Բիանջյանը լուսանկարել սկսել է 2003-ից։ Նա ասում է․«Սկզբում դու լուսանկարիչ ես, պարզապես ֆիքսում ես քաղաքում կատարվողը, հետո հասկանում ես, որ միայն լուսանկարելը քիչ է»։
Ըստ նրա հիմա Երևանն անճանաչելի փոխվել է, հիմա եթե որևէ մեկին ցույց տաս այն հին լուսանկարները, չի հավատա որ դա նույն քաղաքն է։ Դա ժամանակներ էին, երբ ամեն բան այնքան արագ էր տեղի ունենում, որ հազիվ էիր հասցնում վազել մի քանդվող կառույցից մյուսը։
«Հիմա հետ եմ նայում ու հասկանում, որ մեծ ջանք, ժամանակ ու գումար եմ ծախսել այդ ամենի վրա, բայց երբևէ չեմ փոշմանում, սիրել եմ այն, ինչ արել եմ։ Ու ժամանակի հետ արածս էլ ավելի մեծ արժեք է ձեռք բերում։ Հիմա, այսպես ասած, թոշակի եմ անցել, բայց դեռ շարունակում եմ հետևել, թե ինչ է կատարվում մեր քաղաքում ու թե քաղաքաշինական խնդիրներն ինչպես են լուծվում։

Կարծում եմ, շատ կարևոր է լուսանկարել կորցրածն ու կորստի պահը։ Կարևոր է, որպեսզի նոր սերունդն այդ նույն սխալը չկրկնի։ Կարևոր է ֆիքսել այն, ինչ քչերին է հայտնի։ Ես լուսանկարել եմ բաներ, որոնք տեղի են ունեցել շատ քիչ մարդկանց աչքի առաջ և շատ կարճ ժամանակահատվածում»,- պատմում է լուսանկարիչը։ Լուսանկարները կարևոր են։
Դրանք ապացույցն են այն բանի, թե ինչ է եղել երբեմնի Երևանում և թե ինչպես է քանդվել։ Դրանք արձանագրված հիշողություններ են։ Պայքարելու իմաստ միշտ կա
Լուսանկարիչը ստեղծել է հին Երևանի արխիվը։
«Էմոցիոնալ առումով բավական բարդ է հանդիպել անտարբերության։ Երբ դու բարիկադից այն կողմ պայքարում ես, իսկ անցորդները նույնիսկ այդ կողմ չեն նայում ու չեն հետաքրքրվում, թե այդ ինչ է կատարվում։ Պասիվ ու անտարբեր լինելն ամենավատ բանն է։ Ես հաճախ եմ հանդիպել անտարբերության դեռ Բուզանդի փողոցում պայքարի ժամանակ, հետո էլ՝ Մաշտոցի պուրակում»,-ասում է երևանցի լուսանկարիչը։

Լուսանկարչի համար ամենածանր դեպքը 2015-ին էր, մեջբերում ենք նրա խոսքերը․ 2015-ին ընկերներիցս մեկը հարցրեց, թե որն է այդ քանդված շինություններից ամենացավալի կորուստն ինձ համար։ Ասացի, որ Փակ շուկան է։ Իմ մանկության մի մասը գնաց այդ շուկայի հետ։ Երբ փոքր էի, պապիկիս հետ ամեն կիրակի գնում էինք այդ շուկան գնումներ կատարելու։ Ես էլ կուզեի իմ երեխաների ձեռքը բռնած գնալ այնտեղ ու զգալ նույն միջավայրը։ Իհարկե, չի կարելի անընդհատ հիշողություններով ապրել, բայց երբեմն ցանկություն է առաջանում վերադառնալ հին ժամանակներ։ Նույնիսկ երբ վերանորոգում ենք մեր բնակարանը, կան իրեր, որ չենք նետում աղբամանը, որովհետև դրանց հետ կապված են թանկ հիշողություններ։ Քաղաքն էլ մեր բնակարանն է։