Կապանի հոգևոր հարստությունը․ Բեխի անապատ

Բեխի, Տանձափարախի կամ Արիստակեսի անապատը գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք՝ անտառի մեջ։ Վանական համալիրը կառուցվել է 10-րդ դարում։

Բեխի կամ Տանձափարախի անապատի մասին հիշատակված է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ։ Այս պատմագրության վերջում Ստեփանոս Օրբելյանը բերում է Սյունիքի 12 գավառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանվածի։ Նրա «ըստ հին սահմանվածի» արտահայտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ շուրջ 700 տարի առաջ պատմության մեջ հիշատակված Բեխ գյուղը շատ ավելի հին կարող է լինել։ Այն մինչ օրս անփոփոխ պահպանել է իր անունը։ Կապան քաղաքի ընդարձակման հետևանքով՝ որպես առանձին թաղամաս, ներառվել է քաղաքի վարչական տարածքի մեջ։

Համալիրի կառուցման մասին «Սյունիքի պատմությունում» որևէ հիշատակություն չկա, սակայն ասվում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդին՝ Վահանը, հանկարծակի չար դևից զարնվելով, տանջվում էր։ Այդ պատճառով հրաժարվում է աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագնում ու երկար ժամանակ ճգնում Տանձափարախի սուրբ վկայարանում։ Պատմիչը այնուհետև գրում է, որ մաքրվելով պիղծ ոգուց, նա կամենում է իր անունով վանք շինել։ Վահանը իր մտահղացումը իրականացնում է 911 թվականին՝ կառուցելով և իր անունով կոչելով Վահանավանքը։

Համալիրի կենտրոնում գտնվում է 17 դարում վերակառուցված եկեղեցին, որն ամբողջովին կանգուն է։ Այն միանավ, բազիլիկ շինություն է։ Եկեղեցուն արևմուտքից կից գավիթը փլված է, պահպանվել են հիմքերը։ Եկեղեցուն հարավից կից սեղանատունը կիսավեր վիճակում է գտնվում։ Տարածքում կան 10-18 դարերին թվագրվող 4 խաչքարեր։