Հայաստանում երբևէ ուղարկված առաջին էլեկտրոնային տեքստային հաղորդագրությունը։ «Շարի՛, գալիս եմ»

Ազատության պողոտայով անցնելիս մի պահ կանգ ես առնում և հայացքդ գցում քարե զարդանախշերով և բարձրաքանդակներով պատված շինության վրա: Մոլորակներ, տիեզերագնացներ, արև, աստղեր, հեռախոսով զրուցող կերպարներ, մարդիկ, որոնք իրենց ուսերի վրա տանում են մի ամբողջ իմաստնություն։ Ամբողջ պատկերն ասես շարժման մեջ լինի։

Դա նախկին «ԱրմենՏելի» շենքն է, որն իր ամբողջ տեսքով հուշում է, որ ներսում գաղտնիք ունի ։ Եվ իրոք, այս շենքի պահոցներն իրենց մեջ զետեղում են Հայաստանի հեռահաղորդակցական անցյալը, ներկան և արդեն՝ ապագան։ Շենքը մշտապես կապի մեջ է։

 «Շարի՛, գալիս եմ»։ Մոտավորապես այսպիսի բովանդակություն ուներ հեռավոր 1997 թվականին գրված Հայաստանում երբևէ ուղարկված առաջին էլեկտրոնային տեքստային հաղորդագրությունը։ Նամակի հեղինակն այն ժամանակվա Կապի նախարար Գրիգոր Պողպատյանն էր, ով ցանկանում էր շախմատ խաղալ իր ընկերոջ՝ «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վահրամ Սողոմոնյանի հետ։

Ակս զարմանալի հիշողությունները պահվում են շենքում գտնվող Կապի թանգարանում։ 2012 թվականին բացված թանգարանի նմուշներն այցելուներին տանում են մեկ հարյուրամյակ հետ՝ դեպի 1913 թվական, երբ Ամիրյան փողոցում գտնվող մի հեռագրային գրասենյակի երկրորդ հարկում տեղադրվեց առաջին հեռախոսային կայանը, որը հեռախոսակապ էր տրամադրում շուրջ 200 բաժանորդի։

Թանգարաններում ներկայացված սարքավորումների մեծ մասն աշխատում է, կարելի է զանգահարել սենյակի մի հեռախոսից մյուսին՝ վերարտադրելով տասնամյակներ առաջ եղած հեռախոսային փորձառությունները։

Հենց այս ամբողջ հարստությունն էլ թաքնված է Ազատության պողոտայում տեղակայված շենքի ներսում։ Առաջին հարկի թանգարանում պահվող պատմության հիման պահպանվում է հայոց կապի անցյալն ու պատմությունը։