Կոմիտասի ժամանակակից տունը
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիմնադրումից ի վեր կազմակերպվում և հաջողությամբ իրականացվում են ժամանակավոր ցուցադրություններ՝ թանգարանի ամբողջ ներուժի օգտագործմամբ։
Ըստ թանգարանի աշխատակիցների ՝ շատ կարևոր է ցուցադրությունների միջոցով կապ ստեղծել այսօրվա ստեղծագործողների հետ և ամբողջացնել շփումը հասարակության հետ, ինչը, ցավոք, հայաստանյան այլ թանգարաններ հիմնականում չեն փորձում անել։

2015-ին թանգարանում տեղի ունեցավ առաջին ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Գիտացուցադրական բաժնի հիմնումից հետո՝ 2016-ին, թանգարանը հյուրընկալեց Քեթրին Քուքի «Ծառերի հիշողություն» լուսանկարչական նախագիծը։ 2019-ին Կոմիտասի 150-ամյակի շրջանակներում տեղի ունեցան Անուշ Ղուկասյանի և Վահրամ Գալստյանի «Կտոր-կտոր» ինստալացիան։ Հաշվի առնելով, թե որքան երիտասարդ է այս թանգարանը՝ տպավորիչ է ցուցադրությունների քանակն ու բազմազանությունը։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կազմակերպված բոլոր ցուցադրություններն այս կամ այն կերպ առնչվում են Կոմիտասի կյանքի ու ստեղծագործության հետ։ Սա թանգարանի որդեգրած սկզբունքային մոտեցումն է։ Մյուս կողմից՝ սկսած թանգարանի ճարտարապետությունից (շենքի հեղինակն Արթուր Մեսչյանն է) և հիմնական ցուցադրության ձևավորումից՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը փորձ է անում համադրել արդին և դասականը՝ ինչպիսին էր հենց Կոմիտասի ստեղծագործական գործունեությունը։