Լինենք տեղեկացված․ Արարատյան դաշտ, թե Արարատյան դաշտավայր․ ո՞ր տարբերակն է ճիշտը

Այս հարցը շատերին է տանջում և ոչ բոլորն են կարողանում գտնել ճիշտ պատասխանը։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում դաշտավայրը։

Դաշտավայրը ցամաքի մաս է, որը գտնվում է ծովի մակարդակից 200 մետրից ոչ բարձր։ Դաշտավայրերը հիմնականում տափարակ կամ բլրավոր հարթավայրեր են՝ կազմված ծովային նստվածքներից ու գետային բերվածքներից։ Կան նաև դաշտավայրեր, որոնք ծովի մակարդակից ցածր են, օրինակ՝ Մերձկասպյանը և մարդու կողմից ծովից նվաճված դաշտավայրեր՝ Հոլանդիայում, Ճապոնիայում։ Խոշորագույններից են Ամազոնի և Պարանայի դաշտավայրերը։

Իսկ հիմա ուսումնասիրենք և վերջապես հասկանանք՝ Արարատյան դաշտ, թե դաշտավայր։
Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 800-1000 մետր է։ Արարատյան գոգավորության հատակը լցված է լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Արարատյան դաշտի միջով հոսող գլխավոր գետը՝ Արաքսը, այն բաժանում է երկու հատվածի։ Արաքսից դեպի աջ տարածվող մասն այժմ ամբողջությամբ մտնում է Թուրքիայի և Իրանի կազմի մեջ, ձախակողմյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության։

Հայաստանում հարթավայրերին անվանում են դաշտ՝ Շիրակի դաշտ, Լոռվա դաշտ, Արարատյան դաշտ։ Հայաստանը չունի դաշտավայր, քանի որ ամենացածր կետը Դեբեդի կիրճում է, որը ծովի մակարդակից 375 մետր բարձրություն ունի, և դրա համար էլ ճիշտ տարբերակը Արարատյան դաշտն է։