Լսե՞լ եք Ղուզանի քարի մասին․ ահա թե որտեղ է այն գտնվում և ինչու է այսպես կոչվում

Ղուզանի քարը գտնվում է Չինչին գյուղի մոտակայքում: Այն իրականում դեպի անդունդը մխրճվող, մոտ 200մ բարձրություն ունեցող հսկա ժայռ է:

Բազմաթիվ ավանդազրույցներ կան այս գեղեցիկ, բայց վախենալու քարաժայռի հետ կապված: Ըստ պահպանված մի ավանդության ժայռը Ղուզանի քար անվանումն ստացել է Ռուզան անունով մի դեռատի աղջկա ինքնասպանությունից հետո՝ աղջիկն իրեն քարից ցած է նետել պարսկական արշավանքների ժամանակ, Շամշադինը ասպատակող պարսիկ խուժանի ձեռքը չնկնելու նպատակով: Ըստ մյուս վարկածի Ղուզան նշանակում է հով, ստվերոտ տեղ: Այստեղ մոտակա գյուղերի հովիվները արածեցնում են ոչխարներին և պաշտպանվում կեսօրվա տապից:

Հստակ չեն այս պատմությունները, բայց տեղանքը շարունակում է մնալ տեղի բնակչության սիրելի վայրերից մեկը։ Ցավոք այստեղ պարբերաբար անզգուշության հետևանքով մարդիկ են ժայռից ընկնում ներքև: Ասում են ժայռին երկար նայողն էլ զգում է, թե ինչ մոգական ուժով է դեպի իրեն ձգում ժայռը, ավելի ներքև նայելու ցանկություն է առաջանում: Գուցե իր անունը քարին թողած աղջիկն էլ իրականում ոչ մեկից փախչելիս չի եղել, գուցե նրան էլ հմայել, գերել է ժայռի՝ իր մոտ կանչող հայացքը։