Բջնիի Սուրբ մատուռն ու արևային ժամացույցը

Բջնի գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Գյուղի մասին առաջին հիշատկություններից մեկը  տալիս է մատենագիր Ղազար Փարպեցին, վերջինս նշում է, որ բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր:

11-րդ դարում Բջնին եղել է պատմական Նիգ գավառի առավել զարգացած բնակավայրերից մեկը և հանդիսացել է Պահլավունիների նախարարական տան հիմնական քաղաքներից մեկը: Վերջիններիս օրոք Բջնիում կառուցվել են մի շարք նշանավոր կառույցներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմել հոգևոր կառույցները:

Ժամանակի հետ այդ հոգևոր կառույցների մեծ մասը  տարբեր պատճառներով ավերվել են: 1830-ականների մեծ գաղթի արդյունքում Բջնիում հաստատված վերաբնակները վերստին սրբադասեցին գյուղի հնագույն սրբավայրերն ու դարձրին իրենց հավատքի կենտրոն:

Այդպիսի սրբավայրերից մեկն է Սուրբ Թադեոս մատուռը, որը  միջնադարյան կիսավեր եկեղեցու տարածքում է հիմնված: Մատուռի  արևելյան  պատի վրա պահպանվել է արևային ժամացույցը։ Ներսում պահպօանվել են նաև միջնադարյան  եկեղեցու խորանը:

Այստեղ պահպանվել է նաև սպիտկ քարից  քանդակված խաչքարը, որը տեղացիների շրջանում առավելապես հայտնի է «Սպիտակ խաչքար» անվանումով:

Բոլոր ժամանակներում այն եղել է բջնեցիների գլխավոր սրբավայրերից մեկը և անգամ խորհրդային աթեիստական տարիներին չի կորցրել իր  դերն ու նշանակությունը: