Հոգին և մարմինը բուժող գիրքը. «Նարեկ»
Շատերը գիտեն Գրիգոր Նարեկացու հեղինակած «Մատյան ողբերգության»-ը բուժիչ հատկություն ունի: Զուր չէ, որ այն դնում են հիվանդների անկողնու մոտ, և դրա բուժիչ հատկության հարցում մեկ անգամ չէ, որ համոզվել են բոլոր այն մարդիկ, ովքեր հավատում են իսկապես: Երբ անգամ մարդիկ մեղքեր գործած են լինում, հոգով թույլ ու հիվանդ և կամ էլ հիվանդ են լինում մարմնով, իրենց ձեռքն են առնում այս գիրքը՝ հավատալով, որ կբժշկվեն
Իսկ գիտեի՞ք, որ այնտեղ ընդգրկված է վախի հաղթահարման ու ջերմության բժշկման մի աղոթք: Ընթերցենք այդ հատվածը:

Բան ԻԸ
Ե
Դու, որ գործել ես այսքան բազմազան
Անբավ հրաշքներ, հա՜յր ամենաստեղծ,
Անունդ ահավոր, ձայն սարսափելի,
Կոչում ընտանի, համբուրելի խոսք,
Ազդում հիասքանչ, հրաման ահեղ,
Էություն անհաս, գոյություն անճառ,
Իսկություն անբավ, զորություն անխույզ,
կամք բազմաբարի
Տերություն անծայր, մեծություն անչափ,
Բարձրություն վսեմ, անամփոփելի,
Անկշիռ քանակ, անբաղդատելի առավելություն,
Պատճառդ որդու հայրությամբ միայն,
ոչ առաջնությամբ,
Անպարփակելի զորությամբ մեծիդ
Սաստի՛ր դիվական ջերմատենդը այս տագնապախռով.
Որ սպրդելով մտավ մեղքի հետ,
Որպեսզի փախչի մարդուց՝ զարհուրած
Երկնավոր գառիդ սխրալի անբավ արյան վտակից,
Որով թեպետև սրսկվեցինք մենք միայն մի անգամ
Բայց մաքրվեցինք մշտնջենապես:
Զ
Արդ, արարչակերտ վսեմ խորհրդի
Այս պատկառելի խոնարհությունից
Թող որ ամաչի սատանան իր չար
Հրեշտակների գործերի համար,
Տանջվի, հալածվի,
Քո բնակության խորանից քշվի
Ու դուրս վտարվի խավարն արտաքին:
Ջնջի՛ր մեր դեմքից, մաքրի՛ր ողբերի
արցունքներն անհետ
Ու մեր սրտերից՝ հառաչանքները այս հեծեծաձայն:
Հիշատակով այն տաժանատեսիլ,
Սահմռկեցուցիչ, դժխեմ, մահառիթ
Հեղուսահարման, որով բևեռվեց
Խաչ-աշտարակին միածինը քո,
Թող որ չարագործն ինքը կսկծա:
Կողահերձ սուրսայր հսկա սլաքի
ուժգին բախումից,
Որով ստացավ նա վերքերն իր խոր,
Սկզբնարարը մահվան թող իսպառ լինի չարամահ:
Քանի որ հոգին ավանդած պահին
Գրկումդ խոնարհեց գլուխն իր գովյալ.
Ապստամբությունն անբարեբարո
Բելիարի թող ի կոր կործանվի՝
Ըստ ամենայնի մատնված կորստյան: