Փաստորեն ՀԱՅԵՐՆ իրենց ՁՄԵՌ ՊԱՊՆ են ունեցել. գիտե՞ք արդյոք Կաղանդ Պապի մասին

Աշխարհի ժողովուրդներին հայտնի են Սանտա Կլաուսը կամ Ձմեռ պապը։ Հայերի մոտ Ամանորը խորհրդանշել է Կաղանդ պապը։ Նա եղել է խորհուրդներ նվիրող պապիկ, որի ուսերին նվերների մեծ պարկի փոխարեն եղել է կյանքի փորձը։ Հենց իր իմաստությունն էլ Կաղանդ պապիկը նվիրել է բոլոր մարդկանց։ Այդ փորձը նա ամփոփել էր տոնական յոթ խորհուրդների մեջ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։

Կաղանդ պապը քչախոս է եղել, այսինքն՝ ասել է միայն ամենակարևորը։ Նրա վերարկուն ունեցել է մագաղաթի գույն, որը խորհրդանշում է մնայուն խոսքը, իսկ վերարկուի թևքերը և օձիքը ոչխարի բրդից էին։ Վերարկուի մեջքին պատկերված էր կենաց ծառը:

«Կաղանդ» բառի ծագումը հունական է, որը նշանակում էր «ամսագլուխ», էլ ավելի բառացի՝ կանչել ամսվա առաջին օրը։

Ավանդույթները Կաղանդ պապիկին նույնպես վերագրում են հեքիաթային հատկություններ՝ նա լռության և կախարդանքի մեջ կատարել է հրաշքները: Հայ ձմեռ պապը այնպիսի կերպար է եղել, որ երեխային զգաստ պահի պահքի շրջանում: Բայց դա չի նշանակում, որ նա առատաձեռն չէր ու բավարարվում էր միայն խորհուրդներ տալով, նա լուռումունջ հայտնվել է, տվել նվերներն ու հեռացել:

Պապի այցելության ժամանակ Ամանորի սեղանները զարդարվում էին 7 տեսակի ուտելիքով, որոնք հիմնականում չորացրած պտուղներ էին կամ համեստ ճաշատեսակ՝ չիր, չամիչ, թուզ, պաստեղ, կաղին, փլավ, նուռ, ճզմված սիսեռ, ճզմված ցորեն և նաև որպես ճաշ՝ նավասարդի կորկոտ, Ղարաբաղի հարիսա, ապուր, քեշկեկ, Պոլսի անուշապուր, աքլոր, մսեղեն, զանազան ճաշեր, տոլմա, պլլոր (սարմա)։ Սեղանը լուսավորում էր մոմերով։