Թոնիր՝ հին հայկական ընտանիքի ամենասուրբ վայրը․ ահա թե ինչ պատմություններ կան թոնրի հետ կապված
Թոնիրը՝ օջախը, հին հայկական տներում ամենասուրբ վայրն է համարվել։ Երբ տուն հյուր էր գալիս, նա առաջինը գլուխ էր խոնարհում օջախի առջև։ Ընտանիքի համար թոնիրը պետք է անշարժ լիներ, իսկ երբ այն պղծվել է (ոչ մաքուր իր են վառել կամ կենդանի է սատկել), թոնիրը քանդել են և նորը կառուցել ու օծել։
Նախաքրիստոնեական շրջանում թոնիրը համարվել է արևի խորհրդանիշը գետնի մեջ, իսկ լավաշը՝ խոնարհում Աստծուն: Հայ կինը պետք է խոնարհվեր Արև-Աստծուն, որպեսզի հաց ու բարիք պարգևեր ընտանիքին։ Ահա թե ինչու են հայերը թոնիրը գետնի մեջ տեղադրել։
Այս շրջանում «Օջախդ մարի» անեծքն ամենածանրն է համարվել։

Այն գյուղերում, որտեղ եկեղեցի չի եղել, թոնրի շուրջ է պսակի ծես կատարվել: Հարսը, հայրական տնից դուրս գալուց պետք է խոնարհվեր իր տան թոնրին, նոր հրաժեշտ տար իր ընտանիքին։ Ապա փեսայի տուն մտնելիս պետք է առաջինը խոնարհվեր թոնրին, հետո նոր փեսայի ընտանիքին։ Հարսն ու փեսան, ձեռք ձեռքի տված, պտտվել են թոնրի շուրջը: