Խծկոնք կամ ինչպես թշնամին է ասում Բեշքիլիսեի վանք․ որտե՞ղ է այն գտնվում

Խծկոնք վանքը գտնվում է Անիից 25 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է Դիգոր (հին անունը՝ Տեկոր) գավառի կենտրոնին մոտ գտնվող հարթավայրում՝ երեք ժայռի ծերպերի վրա։ Ըստ տեղեկությունների 1024 թ. Վեստ Սարգսի պատվերով և շատ մեծ հավանականությամբ Տրդատ ճարտարապետի կողմից է ստեղծվել այս վանքը։ Վանքը թուրքերեն հայտնի է որպես Բեշքիլիսե, այսինքն Հինգ եկեղեցի անվամբ։

Վանքն ընդհանուր առմամբ ունի հինգ եկեղեցի, որոնք բոլորը գմբեթ ունեն և կառուցված են սրբատաշ քարերից։ Դրանք են Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Մեզ սակայն հասել է միայն Սուրբ Սարգիս եկեղեցին։

Սուրբ Կարապետի կամ Հովհաննես Առաքյալ եկեղեցին հինգ եկեղեցիներից ամենահինն է և հնարավոր է, որ մնացած լինի 7-րդ կամ էլ 10-րդ դարից։ Պատերի ամենահին գրությունը թվագրված է 1001 կամ էլ 1006 թվականներին։

Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հովհաննես Առաքյալ եկեղեցու հարավում։ Հավանաբար այս կոթողը պատկանում է 10-րդ դարին։

Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցու դիմաց՝ առանձին ժայռի վրա։ Հավանաբար եկեղեցին պատկանում է 10-րդ կամ 11-րդ դարին։ Մուտքը գաղտնի է, եղել է հարավային ճակատից, որը գտնելը դժվար է։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին մյուս եկեղեցիներից ավելի արևելք է։ Սա պատկանում է 10-րդ կամ 11-րդ դարին։ Եկեղեցին այսօր ամբողջովին փլուզվել է. քարերի մի քանի բեկորներից բացի ոչինչ չի մնացել։

Սուրբ Սարգիս եկեղեցին եղել է ամենամեծ եկեղեցին, և այժմ այն միակ եկեղեցին է, որը դեռ կանգուն է։ Չկա որևէ արձանագրություն, որը կպատմի կառուցման տարեթվի մասին, սակայն 12-րդ դարի պատմիչ Սամվել Անեցու համաձայն՝ եկեղեցին կառուցվել է 1025 թվականին Սարգիս իշխանի հրամանով։ Պատերի ամենահին արձանագրությունը պատկանում է 1033 թվականին։ Իսկ 1211 թվականի մեկ այլ արձանագրություն նշում է, որ վանքը փրկվել է մուսուլմանական ղեկավարներից։