18-ամյա ՀԵՐՈՍ Արսեն Ալջիկյանը չի լքել իր դիրքը նույնիսկ երբ իրեն կանչել են պարգևատրելու. Նա վնասազերծել է 5 տանկ և 1 բենզատար մեքենա

Արսեն Ալջիկյանը այսօր կդառնար 20 տարեկան, սակայն, ծնողներին ու հարազատներին ապրեցնողը Արսենի մասին հուշերն են, տխրությունը եւ հպարտությունը:

Արիության մեդալի արժանացած Արսեն Ալջիկյանի մայրը՝ Լուսինե Գալստյանը, ինքն էլ չի պատկերացրել՝ ինչ քաջ ու խիզախ որդի է ունեցել։ 

44-օրյա պատերազմում Արսենի զոհվելուց հետո են միայն ընտանիքի անդամներն իմացել որդու սխրանքների ու թեժ կետերում հակառակորդի դեմ մինչև վերջին շունչը պայքարի մասին։

Որդեկորույս մայրը հուզմունքով նշում է, որ պատերազմի ժամանակ որդին ոչ մի անգամ չի ակնարկել, թե ինչերի միջով է անցնում, մինչդեռ Արսենը և՛ շրջափակման մեջ է հայտնվել, և՛ վիրավորվել, և՛ մեծաթիվ կորուստներ պատճառել հակառակորդին։

18-ամյա Արսենը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Հադրութում, պատերազմի առաջին իսկ օրերից առաջնագծում է եղել, կռվել Հադրութում, այնուհետև տեղափոխվել այլ թեժ կետեր և հասել Ճարտար։

Որդու ընկերները պատմել են, որ Հադրութում Արսենը խոցել է մեկ տանկ, ֆագոտ հակատանկային համակարգով խոցել է հրամանատարական մեքենա, Ճարտարի դիրքում վնասազերծել 5 տանկ, 1 բենզատար մեքենա։

«Ներքևից հրաման են տվել, ասել են՝ մեր կողմից դիպուկահա՞ր ա աշխատում, ո՞վ ա, ասել են՝ դիպուկահար չի, ավտոմատ ա… Զարմացել են՝ ո՛նց կարա ավտոմատը մի-մի հատ կրակի, ասել են՝ Ալջիկյան Արսենն ա։ Արայիկ Հարությունյանը, իմանալով էդ ամեն ինչի մասին, եկել ա, կապ ա տվել, ասել ա՝ երեխուն իջացրեք, շնորհակալություն հայտնեմ, պարգևատրեմ, էդ հրամանն էլ չի կատարել, ասել ա՝ դիրքս չեմ լքի, դրա վախտը չի։ Էդ ամենը ես լսում եմ իրա զինակից ընկերների պատմելով, թե չէ ինքը ինձ ոչ մի բան չի պատմել»։

Արսենն օրեր անց՝ նոյեմբերի 2-ի գիշերը, զոհվել է Ճարտարի դիրքում։ Մայրն ասում է՝ անգամ անօդաչու թռչող սարքի համար է որդին անհասանելի եղել, և հակառակորդը ավիացիա է գործադրել։

Մայրն ասում է՝ երբ որդուց զանգ չեն ստացել, զանգերն էլ անպատասխան են մնացել, սկսել են կասկածել, որ ինչ-որ բան էն չի։ Նոյեմբերի 11-ին հարազատներն արդեն իմացել են, սակայն իրեն, ամուսնուն ու աղջկան չեն ասել:

Մայրն ասում է՝ կորուստն անչափելի է, ապրում են որդու մասին հուշերով, նկարներն ու տեսանյութերը նայելով ու մեծ ափսոսանքով, որ չարաբաստիկ պատերազմի պատճառով մշտապես բոլորի մասին մտածող, բոլորին երջանկացնող, աջակցող և կյանքով լի որդին այլևս իրենց հետ չէ:

«Ես որդի չեմ կորցրել, առավել եմ կորցրել։ Էսքանից հետո էլ ի՞նչ ապրես, որ գիտես՝ քո զավակը, քո թիկունքը, քո ողնաշարը փշուր-փշուր ա եղել ու ոչ մի ձև չի վերականգնվի։ Բայց գոյատևում եմ նրա համար, որ իմ տղային խոստացել եմ, որ իրա թագուհուն պահեմ, ճիշտ ա՝ իրա նման չեմ կարողանա պահել, բայց կաշխատեմ պահել, որովհետև քույրն էլ ահավոր սթրես տարավ»,- ասում ու կրկին հուզվում է որդեկորույս մայրը։