Պատերազմը չափազանց դաժան գտնվեց այս ընտանիքի հանդեպ. 23-ամյա Մարիաննան պատերազմում կորցրեց եղբորը, քեռուն և ամուսնու եղբորը
2020-ի հոկտեմբերը ողբերգական էր 23-ամյա Մարիաննա Բաղիրյանի ընտանիքի համար։ Մարիանան պատմում է, որ սկզբում ստացել են եղբոր զոհվելու լուրը, այնուհետև իմացել են, որ ամուսնու եղբորն են սնայպերով խփել, օրեր անց տեղեկացել են՝ մորեղբայրն է զոհվել։ «Էս ի՞նչ կյանք է»,- հուզմունքով ասում է Մարիաննան և ընդգծում՝ պատերազմը շրջեց իրենց կյանքը։

Մարիաննա Բաղիրյանը Հադրութի Ուխտաձոր գյուղից է։ Այնտեղ ապրել է ամուսնու ու երկու անչափահաս երեխաների հետ։ Եղբայրը և ծնողները ևս Ուխտաձորում են ապրել։ Ամեն ինչ կորցրած՝ տուն-տեղ, այգի, ապրուստի բոլոր միջոցները, ապաստանել են Հայաստանում. Մարիաննան ընտանիքի հետ վարձով է բնակվում Մասիս քաղաքում, ծնողները՝ Երևանում։
Ֆինանսական դժվարությունները, տան ու ապրուստի կորուստը, սակայն, Մարիաննայի խոսքով՝ երկրորդական են, ամենացավոտն այն է, որ կորցրել է եղբորը, հարազատների, որոնց վերադարձնել հնարավոր չէ:
Մարիաննայի եղբայրը՝ ժամկետային զինծառայող 20-ամյա Սերգեյ Մելքումյանը, ծառայել է Մարտունի 2-ում: Երբ 44-օրյա պատերազմի ժամանակ պետք է եղել Մարտունիից տանկով գնալ Հադրութ, գործողության ժամանակ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։
Ասում է, որ ողբերգական դեպքերն ու լուրերը ծանր հետևանք են թողել մոր առողջության վրա, սփոփանք չի գտնում, օրն անցկացնում է հուշերով ու արտասուքով․ «Շաքար ունի, ոտքերը ուռում ա, սաղ օրը նկարին ա նայում, լացում, չի հավատում»։

Սերգեյը հանգիստ բնավորություն է ունեցել, գյուղում բոլորի աջ ձեռքն էր, որ մեկը կանչում էր ինչ-որ գործի համար, իսկույն վազում էր, հասնում էր օգնության․ այսպես են հիշում նրան հարազատները։
Նոնան ասում է, որ չէր պատկերացնի, որ նման դեպք տեղի կունենա որդու հետ, քանի որ որդին միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է, ամեն բան լավ է լինելու․
«Չանցած 10 օր՝ ամսի 23-ին, փոքր ախպերս զանգեց, ասեց՝ մի բան ասեմ՝ Էռնեստն էլ ա զոհվել, իրար հետևից զոհվեցին։ Խնամուս տղեն էլ զոհված ա, սիրտս ցավում ա»,- դողացող ձայնով ասում է մայրը:
Նոնան ասում է, որ մխիթարանք է գտնում, երբ գտնում է Եռաբլուր, լացում է, խոսում որդու հետ, այցելում եղբորը, որդու ընկերներին, շփվում զոհված տղաների մայրերի հետ: