«Նահանջի հրամանն ա եղել, իրանք ավտոմատով մինչև վերջին փամփուշտը կռվել են». 55-ամյա ՀԵՐՈՍ Արմենակ Մադաթյանը ամբողջ կյանքը նվիրեց հայրենի Արցախի պաշտպանությանը

«Մեկ ակնկարթում լրիվությամբ խավարվեց կյանքս»,- արցունքները սրբելով ասում է 50-ամյա Ռաիսա Մադաթյանը, որը 44-օրյա պատերազմի հետևանքով Շուշիում ոչ միայն կորցրել է տունը, տասնամյակների աշխատանքի արդյունքում ստեղծածը, այլև ամենից ցավոտը՝ ամուսնուն՝ 55-ամյա Արմենակ Մադաթյանին։

Մադաթյաններն ասում են, որ չէին կարող մտածել, որ իրենց երջանիկ կյանքը միանգամից գլխիվայր կշրջվի։ Հոկտեմբերի 2-ին, երբ պատերազմն ահագնանում էր, և Շուշիում գտնվելն այլևս վտանգավոր է դառնում, Արմենակ Մադաթյանը հորդորում է կնոջն ու աղջկան գնալ Հայաստան։ 

Ռաիսա Մադաթյանն ու 25-ամյա Լուիզա Մադաթյանը, որ պատերազմը սկսելուն պես օրերն անցկացնում էին նկուղում, Երևան են տեղափոխվում, իսկ Արմենակ Մադաթյանը մնում է Շուշիում, աշխարհազորայինների ջոկատ կազմում և մասնակցում Շուշիի պաշտպանությանը։ Առաջնագծում էր նաև Արմենակ Մադաթյանի որդին՝ 22-ամյա Կարեն Մադաթյանը։ 

Լուիզան հիշում է, որ հայրը ամենադժվար իրավիճակներում էլ միշտ ելք էր գտնում, բոլորին հույս ու ուժ տալիս, սակայն նոյեմբերի 2-ի զանգը ստիպում է ընտանիքի բոլոր անդամներին անհանգստանալ․

«Նահանջի հրամանն ա եղել, մեզ տենց են ասել, իրանք չեն նահաջել, ավտոմատով մինչև վերջին փամփուշտը կռվել են, իրանց սնայպերն ա խփել»,- ասում է Լուիզան։

Լուիզան պատմում է, որ նոյեմբերի 9-ին արդեն հույսները կտրել էին, որ հոր մարմինն առհասարակ կկարողանան գտնել, քանի որ հաշտության պայմանագիր էր կնքվել, տեղեկացել էին, որ Շուշին արդեն հակառակորդի վերահսկողության ներքո է. «Բայց նոյեմբերի 14-ին որոնողական աշխատանքների ժամանակ հանեցին, Շուշիի քաղաքապետի եղբայրն էր ու պապան… Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ հուղարկավորությունը Եռաբլուրում»։

Արմենակ Մադաթյանը ժամկետային զինվորական ծառայությունը անցկացրել է Ղազախստանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան գոյամարտին։ Մասնակցել է Շուշիի, Լաչինի, Շռլանի, Ասկերանի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 

1992-ին ծառայությունը շարունակել է Ասկերանում, այնուհետև ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունում, 2004 թ․-ից աշխատել է Արցախի ազգային անվտանգության ծառայությունում, ավագ ենթասպա էր։ Ծառայության տարիներին արժանացել է բազմաթիվ պարգևների։ Վերջին տարիներին արդեն թոշակի էր անցել և մեկնում էր արտագնա աշխատանքի:

Մադաթյաններն այժմ ապագան չեն պատկերացնում՝ ինչպիսին կլինի, բայց ամենից շատ ցանկանում են, որ անվտանգության հարցը կարգավորվի, որ կարողանան նորից Արցախում հաստատվել։

«Մենք հաճախ ենք Ղարաբաղ գնում աշխատանքի հետ կապված, ցավալի ա՝ Շուշիի մոտով անցնում ես, քո տուն գնալու ճանապարհը 2 րոպե ա, բայց դրա իրավունքը չունես, որ Շուշի մտնես։ Ամենաառաջնային խնդիրը անվտանգությունն ա, մենք չենք ուզի Ղարաբաղից ուրիշ տեղ գնալ»,- ասում է 25-ամյա Լուիզան։