Առաջին կին օվկիանոսագետը. ո՞ր հայուհու մասին է խոսքը

Զարմանալի է, բայց Հայաստանն առաջինն է օվկիանոսագիտության մեջ, չնայած անգամ դեպի ծով ելք չունի։ Այդ պատիվը մեզ պարգեւել է աշխարհում առաջին կին օվկիանոսագետը՝ ֆրանսիացի բնախույզ, լուսանկարիչ, ազգությամբ հայ Անիտա Կոնտին, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը։

1939 թվականին նա ձողաձուկ որսալու նպատակով «Վիկինգ» ձկնորսանավով 3 ամիս լողում է դեպի Արկտիկա։ Եվ այդ ուղեւորության ընթացքում էլ եզրակացնում է, որ օվկիանոսում ձկնորսության չարաշահումը կարող է տխուր հետեւանքներ ունենալ։

1941-1943 թվականներին ձկնորսանավով երթեւեկում է Աֆրիկայում՝ ֆրանսիական ծովակալության հանձնարարությամբ կատարելագործելով ձկնորսության մեթոդները, կազմում է քարտեզներ, նկարագրում ձկների նոր տեսակները։

Ա. Կոնտիի ուսումնասիրությունների հիմնական նպատակն է եղել գտնել ձկների վտառների պաշարներ եւ ուտելիքի սղության պայմաններում ապահովել զորքին ու խաղաղ բնակչությանը։ Անիտա Կոնտին մահացել է կյանքի 99-րդ տարում՝ Քրիստոսի ծննդյան օրը, Ֆրանսիայի Դուարնե քաղաքում։ Նրա աճյունը, կտակի համաձայն, սփռել են Միջերկրական ծովում։