Այս ՀԱՅ նկարիչը ԹՈՒՐՔԵՐԵՆ է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում. ու՞մ մասին է խոսքը

Խոսքը հայ նկարիչ, լրագրող Ժակ Իխմալյանի մասին է, ով ծնվել է 1922 թվականի հունիսի 30-ին Ստամբուլում:

1929 թվականին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև մասնավոր ֆրանսիական կաթոլիկ լիցեյում։ 1936 թվականին նկարչություն է սովորել թուրք նկարիչ Աբիդինա Դինոյի մոտ։

1939 թվականին մասնակցություն է ունեցել հեղափոխական աշխատանքներին, դարձել թուրքական կոմունիստական կուսակցության անդամ։ 1942 թվականից սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետում և երկու տարում ավարտել 4-ամյա դասընացը։ 1944 թվականին համայնավարական հայացքների, քաղաքական գործունեության համար հալածվել և բանտարկվել է, ապա տարագրվել։

1949 թվականին արտագաղթել է Սիրիա, ապրել Լիվանում, Բեյրութում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լեհաստան, աշխատել մուլտֆիլմերի ստուդիայում։

1959 թվականին տեղափոխվել է Չինաստան, բնակվել և ստեղծագործել է Պեկինում, զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1961 թվականին Մոսկվա տեղափոխվելով՝ որպես խմբագիր-ստիլիստ աշխատել է ռադիոյում։ 1963 թվականին թուրքերեն է դասավանդել Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտում։

Նկարել է գերազանցապես արևելյան տիպեր և բնական տեսարաններ՝ Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից։ Զբաղվել է կահույքի գեղանկարչությամբ, ձևավորել է մանկական սենյակներ։ Ֆրանսիացի նկարիչ Սիմոն Բալտոկսոյի հետ կատարել է Բեյրութի օդանավակայանի մեծ դահլիճի որմնանկարը «ժողովուրդների բարեկամության» թեմայով։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել 1968, 1969, 1973, 1974 թվականներին: Նկարազարդել է Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը։ Լավագույն գործերից են Նիկոլայ Գոգոլի, Վիկտոր Հյուգոյի, Պետեֆիի և այլ դիմանկարներ: 1974 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ:

Նկարիչը մահացել է 1978 թվականի ապրիլի 1-ին, 55 տարեկան հասակում: