Գիտե՞ք՝ ինչու էր այս նկարիչն իրեն «150 տոկոս հայ» անվանում. ճանաչենք «ռուսական Ամերիկայի» կերպարվեստի առաջին դեմքին

Խոսքն ազգությամբ հայ, խորհրդային և ամերիկյան նկարիչ, գրող և արվեստագետ Վահրիճ Բախչանյանի մասին է։

Վահրիճը ծնվել էր Խարկովում, այնուհետեւ տեղափոխվել Մոսկվա, ապա՝ կարճատեւ հանգրվան Ավստրիայում եւ, ի վերջո, մշտական բնակություն Միացյալ Նահանգներում։ Երբ չորս տարեկան էր, մայրը հեռացավ՝ որդուն թողնելով հոր խնամքին։

Հետագայում Վահրիճն ասում էր, թե ինքը հայ է 150 տոկոսով, որովհետեւ նույնիսկ իր խորթ մայրն էր հայ։ Իր տեսակով ու մտածողությամբ նա ամենեւին «խորհրդային մարդ» չէր, նրա պարագայում ավելի կհամապատասխաներ «աշխարհի քաղաքացի» բնորոշումը։ Երբեք չէր ենթարկվում ընդունված կանոններին, թելադրված սցենարներին, հասարակական կարծիքին։ Յոթերորդ դասարանն ավարտելով՝ դադարեց հաճախել դպրոց։ Նկարչությունը նրա միակ կիրքն էր։ Ընդունվեց Խարկովի դեկորատիվ արվեստի ստուդիա, հրապուրվեց ավանգարդ արվեստով։ Զինծառայությունից հետո աշխատեց գործարաններում՝ որպես նկարիչ-ձեւավորող։

Ամուսնացավ Իրինա անունով աղջկա հետ, ով մինչեւ վերջ մնաց նրա կողքին՝ հաղթահարելով այլախոհ ամուսնուն բաժին հասած փորձություններն ու դժվարությունները։ Նրա առաջին ամենամեծ երազանքն անհատական ցուցահանդես ունենալն էր։ Երազանքն իրականություն դարձավ, սակայն՝ ամենաանսովոր ձեւով․ խարկովյան բնակելի շենքերից մեկի բակում, հենց շենքի պատին եւ գետնին շարվեցին նրա նկարները՝ տարօրինակ, «հակախորհրդային», պրովոկացիոն աշխատանքներ, որոնք դիտելու հնարավորություն ուներ յուրաքանչյուր անցորդ։ Վահրիճը չէր թաքնվում։ Իհարկե, ամենատես գրաքննության արձագանքը չուշացավ։ Եղան քննադատական հրապարակումներ մամուլում, մեղադրանքներ աշխատավայրում, որտեղ ավանգարդ արվեստը, մեղմ ասած, անընդունելի էր բանվորների համար։ Ի վերջո, հասարակական կարծիքի ճնշման ներքո Վահրիճը կնոջ հետ միասին լքեց քաղաքը։ Տեղափոխվեց Մոսկվա՝ ակնկալելով, որ այնտեղ կկարողանա գտնել համախոհներ։

Вагрич Бахчанян – «армянин на 150 %»

«Աշխարհին պետք է նայել այնպես, ասես տեսնում ես առաջին անգամ»,- իր ֆիլմում Կառլոս Կաստանեդայի հայտնի միտքն է հնչեցնում Անդրեյ Զագդանսկին։ Վահրիճը հենց այդպես էլ ընկալում էր աշխարհը, եւ այդ ընկալումն ավելին էր, քան սոսկ լավատեսությունը կամ վատատեսությունը։ Նա միշտ պատրաստ էր ամեն ինչ սկսելու նորից։ Մոսկվայում բնակվելու յոթ տարիների ընթացքում նա 12 անգամ տեղափոխվեց մի վարձակալված բնակարանից մյուսը, այդպես էլ չստացավ մոսկովյան գրանցում՝ շարունակաբար մերժվելով։ Ունեցավ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես, այն էլ՝ մոսկովյան սրճարաններից մեկում՝ տարածքը միայն մեկ երեկո զբաղեցնելու թույլտվությամբ, սակայն, փոխարենը, ձեռք բերեց հիանալի համախոհ ընկերներ, աշխատանք, որն ընձեռեց ազատ ստեղծագործելու հնարավորություն, եւ լայն ճանաչում։ «Արվեստում նա ուներ սեփական տարածությունը, որտեղ միանձնյա տիրակալ էր»,- արդարացիորեն փաստել է նկարչի ընկերներից մեկը։

Որքան էլ մոսկովյան կյանքը հագեցած էր, սակայն Վահրիճն իր թիկունքում մշտապես զգում էր գրաքննության շունչը։ Ազատությունը չի կարող ունենալ չափաբաժին․ այն կա՛մ կա, կա՛մ չկա։ Ցանկացած փոխզիջում, թեկուզեւ՝ փոքր, նրանից մեծ ջանքեր էր պահանջում։ 1972-ին, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի՝ Խորհրդային Միություն այցելությունից հետո, ազգությամբ հրեա ԽՍՀՄ քաղաքացիներին տրվեց արտագաղթելու հնարավորություն։ Վահրիճը դիմեց համապատասխան ատյաններ՝ ասելով, թե ինքը հրեա է եւ ցանկանում է լքել Խորհրդային Միությունը։ Այդպիսով, նրան հաջողվեց ազատվել խորհրդային անազատությունից, սակայն, ի վերջո, յուրաքանչյուր տարածք ունի անազատության իր դրսեւորումները։ Ամերիկայում նա ուներ ազատության այն մակարդակը, որից զուրկ էր ԽՍՀՄ-ում, բայց, միաժամանակ, դա որոշակի սահմանափակումներով ազատություն էր, քանի որ վտարանդիությունն ինքնին ենթադրում է սահմանափակումներ եւ օտարության զգացում՝ լեզվի, մտածողության, կենսակերպի։

Թե ինչ կատարվեց Բախչանյանի հետ կյանքի վերջում, հարց է, որը հուզում է բոլոր նրանց, ովքեր ծանոթ են նրա աշխատանքին։ Նրա հեռանալը խորհրդավոր ու ողբերգական էր։ Սրտի վիրահատությունից հետո Բախչանյանի մոտ տարօրինակ բարդություններ են սկսվել՝ նա ականջներում անընդհատ բզբզոց է լսել և այն դեղերը, որոնք ընդունում էր, ինչպես ասում են Զագադանսկու նկարի հեղինակները, «փոխեցին Վահրիճին, բայց նա չուզեց փոխվել»։ Նկարիչը կյանքից ինքնակամ հեռացավ՝ չսպասելով բնական մահվան գալուն։ Իր մահից Բախչանյանը հերթական գործողությունն արեց՝ վերջինը, որի արդյունքները հեռուստադիտողը երբեք չի իմանա։ Նկարչի մոխիրը սփռված է Հայաստանում՝ Գեղամա լեռներում, պալեոլիթի ժամանակաշրջանի մարդու պատկերող քարի վրա՝ մարդու կողմից երբևէ ստեղծված ամենահին արվեստի գործը: Այսպիսով, իր կյանքից հետո Բախչանյանը վերադարձավ իր սկզբնակետը՝ իր նախնիների հայրենիքը։