Լսե՞լ եք «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի մասին. ճանաչենք Սովետական Հայաստանի մշակութային դեսպաններին

«Ասլամազյան քույրերի պատկերասրահը» Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որը գտնվում է Գյումրիում:

Պատկերասրահում ցուցադրված են Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն:

Նկարներ

 Սև տուֆից կառուցված շենքը սկզբում օգտագործվել է որպես բնակելի տուն, հետո՝ 1987թ-ին, վերանորոգվել և բացվել է «Մարիամ ու Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը», սակայն 1988թ-ի ավերիչ երկրաշարժից այն վնասվել է: 2004թ-ին «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ այն վերակառուցվել է:

Պատկերասրահի առաջին հարկում ցուցադրված են Երանուհու աշխատանքները, իսկ երկրորդ հարկում՝ Մարիամի:

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերն առավելագույնս հայտնի են իրենց գունագեղ և արտահայտիչ նատյուրմորտներով և դիմանկարներով, գրաֆիկական գործերով և գծանկարներով, ինչպես նաև իրենց խեցեգործական աշխատանքներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում կենցաղային առարկաների գեղեցկությունը:

Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ծննդավայրը Բաշ-Շիրակ գյուղն է, որը գտնվում է Ալեքսանդրապոլ քաղաքի (ներկայիս Գյումրի) շրջակայքում։ Նրանց ծնողները՝ Արշակ և Վարդուհի Ասլամազյանները յոթ երեխա ունեին՝ վեց աղջիկ և մեկ տղա։ Մարիամը ծնվել է 1907թ-ին, իսկ Երանուհին ՝ նրանից հետո՝ 1910թ-ին։

 

Երանուհի Ասլամազյան
2
Մարիամ Ասլամազյան

20-րդ դարի սկզբին Ասլամազյանները Բաշ-Շիրակի հարուստ ընտանիքներից էին։ Մարիամի և Երանուհու հայրը՝ Արշակ Ասլամազյամը ճանաչված ջրաղացպան էր։ Չնայած յոթնամյա կրթությանը, նա կառուցել էր տարածաշրջանի առաջին տուրբինային ջրաղացը, որի մասերը հատուկ բերել էր Գերմանիայից։ 

Դեռ դպրոցական տարիքից քույրերի մոտ նկարչության հանդեպ սեր կար. երկուսն էլ սիրում էին պաստառներ ձևավորել և ջրաներկով նկարել։ Իրենց նկարչության ուսուցչիխորհրդով 1924 թվականին Ալեքսանդրապոլում նկարչական ստուդիա բացվելուն պես Ասլամազյաններն իրենց կրթությւնը շարունակեցին անտեղ:

Հետո քույրերը տեղափոխվում են Երևան և ընդունվում «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (ներկայիս Փանոս Թերլեմեզյանի անվան Երևանի Գեղարվեստի քոլեջ):

Դեռ տեխնիկումում սովորելու տարիներից Ասլամազյան քույրերը իրենց առջև նպատակ էին դրել հետագա  հետագա կրթությունը շարունակել արտասահմանում։ Շնորհիվ իրենց մեծ քրոջ՝ Անահիտի ֆինանսական աջակության, քույրերը տեղափոխվում են Մոսկվա: Մոսկվայում նրանք ընդունվում են Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ (ВХУТЕМАС), որտեղ ընդունվելը այդ տարիներին բավականին դժվար էր: Այնուամենայնիվ, չնայած բարձր մրցակցությանը, և սովետական ընդունելության «չափանիշներին», քույրերը հաջողությամբ հանձնեցին քննությունները։ Ընդունելության կոմիտեն, թերևս, որոշեց միայն Մարիամին ընդունել։ Երանուհին չվհատվեց, ընդունվեց նկարիչների Վլադիմիր Ֆավորսկու և Անդրեյ Գոնչարովի նկարչական ստուդիան և կրթությունը շարունակեց այնտեղ։ 

Մարիամն ու Երանուհին Սովետական Միության արվեստի և մշակույթի պատմության մեջ մեծ դեր են ունեցել. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և՛ Մարիամը և՛ Երանուհին ստեղծեցին պատերազմի թեմային առնչվող մի շարք կտավներ։ Մարիամը նաև ստեղծեց սոցիալական ռեալիզմի ոճով պրոպագանդիստական պաստառներ, որոնք գովերգում էին կոմունիստական բարքերը և նպատակ ունեին ոգևորելու մարդկանց, որպեսզի վերջիններս գնան և կռվեն իրենց հայրենիքի համար։ Լինելով հայկական պարտրիարխիկ հասարակության ներկայացուցիչներ, քույրերը կարողացան կորտել կարծրատիպեր և ապացուցել, որ կին արտիստները կարող են հավասարի պես գնահատվել տղամարդ արտիստների կողքին։ Իրենց կյանքի ընթացքում երկուսն էլ ստացան Սովետական Միության պատվավոր արտիստի տիտղոսը և նրանց արվեստը միջազգայնորեն ճանաչվեց։ 

Մարիամի և Երանուհու կարևորությունը ոչ միայն իրենց արվեստի մեջ էր, այլ նաև նրանց հասարակական գործունեության և հայենասիրության։ Իրենց գործունեության ընթացքում քույրերը ներկայացրեցին հայկական մշակույթն աշխարհի բազմաթիվ քաղաքներում և երբեք չդադարեցին Հայաստանը համարել իրենց առաջին և գլխավոր ոգեշնչման աղբյուր։