Գիտե՞ք Երևանի ամառային դահլիճի մասին․ ո՞րն էր ՀԱՅԵՐԻ բողոքի և բազմամարդ ցույցերի պատճառը

2010-ի Փետրվարի 25-ին կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եկեղեցի կառուցել Աբովյան 18-ում տեղակայված «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տարածքում։ Հանելով ամառային դահլիճի տարածքը Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից՝ կառավարությունն ընդունեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինության առաջարկությունը՝ շենքի զբաղեցրած հողատարածքը տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի վերջինս այդ տարածքում կառուցի խորհրդային իշխանության կողմից քանդված, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման մեկ այլ եկեղեցի։

Մեծ աղմուկ բարձրացավ։ Նախ ընդվզեցին մասնագետները, հետո միացան սովորական մարդիկ։ Կազմակերպվում էին ցույցեր, սոցիալական հարթակներով քննարկումներ էին ծավալվում, նախաձեռնությանը վերաբերող ֆեյսբուքյան էջ ստեղծվեց, որին տասը օրվա մեջ միացավ շուրջ 7000 մարդ։ Ստորագրահավաքի արդյունքում հավաքվեց 24 հազար ստորագրություն, որն այդ օրերին չլսված բան էր։

Մոտ վեց տասնյակ մտավորականներ միացան համընդհանուր հորդորին՝ չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը՝ նամակ հղելով վարչապետin 7 կաթողիկոսին։

Նամակի հեղինակները հույս ունեին, որ եկեղեցին և կառավարությունը կհրաժարվեն իրենց գաղափարից և այդպես էլ եղավ, արդեն շուրջ 11 տարի գործընթացը սառեցված է։

Ամառային դահլիճը կարծես թե հաջողվեց պահպանել. եկեղեցին չկառուցվեց, բայց ներկայիս վիճակն այդքան էլ հուսադրող չէ։ Այն, ինչ կատարվեց՝ ընդամենը աշխատանքի կեսն էր։ Պահպանել՝ չի նշանակում դրանք դարձնել թանգարանային նմուշներ և չօգտագործել։ Բնական է, որ Ամառային դահլիճի նստարանները պիտի փոխվեն, եթե ներկայիս եղածներն օգտագործման ենթակա չեն. այն պիտի ամբողջությամբ արժևորվի։