Երկու վայր, որոնք անպայման պետք է տեսնել Տավուշ գնալիս

Տավուշում շատ վայրեր կան, որոնք պետք է տեսնել։ Առանձնացրել ենք այս երկու վայրերը, որոնք ցանկացած մարդ գոնե մեկ անգամ պետք է տեսնի։
Աղջկաքար ժայռը գտնվում է Աղնջա գետի աջ ափին, Այգեձոր գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։
Ավանդազրույցներից մեկի համաձայն թշնամու դեմ մղված անհավասար մարտում Աշոտ երկաթը նեղն է ընկնում և մի հաղթանդամ, լայն ուսերով աղջկա ուղարկում է՝ բերդից հսկա քար գցելու թշնամու կողմը։ Թշնամին սարսափում է մտածելով, եթե աղջիկներն այսքան ուժեղ են բա տղամարդիկ ինչեր կարող են անել և նահանջում է։ Այդ օրվանից այդ տեղանքը կոչվել է Աղջկաքար։

Տեղաբնիկները հավատում են իրենց առասպելներին և ամեն տարի հուլիսին գնում են ուխտագնացության դեպի Աղջկաքար, որպեսզի ուժ ու եռանդ, հաջողություն ու բարերարություն ստանան։ Դատարկաձեռն չեն գնում, իրենց հետ տանում են ատաղ՝ նախորդ օրը թխած ծիսական հաց ու քաղցր գինի, որպեսզի աղջկա քարի տակ Աղնջա գետում մաքրազօծվելուց հետո ուտեն, ու երկրային ու երկնային ուժերից օրհնվեն։

Հաջորդ վայրը, որը անպայման տեսնել է պետք Տավուշի կամ Ցլիկ Ամրամի բերդն է։ Բերդը գտնվում է Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին։

Տավուշ բերդը առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարի սկզբից որպես Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։ Քանի որ 14-րդ դարից բերդը եղել է լքված, այժմ այն գտնվում է վատ վիճակում։ Մարդիկ չեն կարողանում ներս մտնել, որովհետև նրա մուտքի և ելքի տեղերը անհայտ են։ Հիմնադրման թվականը նույնպես հայտնի չէ։

Տավուշը բաղկացած էր միջնաբերդից և ստորին բերդից։ Կիսագլանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները պահպանվել են արևելյան և հյուսիսարևմտյան մասերում։ Մուտքը եղել է հարավային կողմից։ Տարածքում շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդը հյուսիսային կողմում շարունակվել է ավելի ցածր դիրքով փոքր բլրի վրա, դեպի ուր ունեցել է ելք։ Ստորին բերդը գտնվել է միջնաբերդի արևելյան ստորոտին։ Խմելու ջուրը մինչև ստորին բերդ բերվել է հարավային կողմի Գլգլան կոչվող աղբյուրներից՝ կավե փողրակներով։