Գիտե՞ք՝ որ ՀԱՅ նկարչի վրձնին են պատկանում Էջմիածնի Մայր Տաճարի նկարները. հենց նրա շնորհիվ հայ նկարիչների մի ամբողջ տոհմ հիմնվեց

Խոսքը հայ միջնադարյան բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող Նաղաշ Հովնաթանի մասին է, ով ծնվել է 1661 թվականին Շոռոթ գյուղում:

Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարժապետի մոտ, այնուհետև կրթությունը շարունակել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում: Ավարտելուց հետո հենց վանքի դպրոցում էլ ուսուցիչ է աշխատել։ Ն. Հովնաթանի կյանքից շատ քիչ տեղեկություն է պահպանվել: Միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան»)՝ գրված հոր մահվան առթիվ։ Հակոբի ողբից ենք իմանում Ն. Հովնաթանի ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր:

Նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։

Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։ 1679–ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել Պողոս Պետրոս, Ս. Անանիա և Կաթողիկե եկեղեցիները։

Ն. Հովնաթանի բնածին տաղանդն այս աշխատանքներում դրսևորվել է պարզ, անմիջական, ներքին մղումներից բխող գեղանկարչական ընկալումներով։ 17–րդ դարի վերջին Ն. Հովնաթանը հրավիրվել է Վրաստան, ստեղծել դիմանկարներ, սրբապատկերներ, ձևավորել Վախթանգ թագավորի նորակառույց պալատը։

Թիֆլիսում նա ունեցել է արվեստանոց, աշակերտներ, նկարել է եվրոպական յուղաներկով։

1710-ական թթ. հրավիրվել է Էջմիածին, նկարազարդել տաճարը։ Պահպանվել է հատված «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատին» կոմպոզիցիայից։

Ուշագրավ են կերպարների ազգային տիպականացումը, դիմանկարչական մեկնաբանումները, դեմքերի ու ձեռքերի մոդելավորումը, ֆիգուրների գրաֆիկական ընդգծվածությունը։ Նույն առանձնահատկությունները բնորոշ են Էջմիածնի տաճարի ավագ խորանից ցած պատկերված Աստվածամորն ու նրա երկու կողմերում տեղադրված առաքյալներին։

Սրբապատկերային կանոններից հեռանալու միտումներով է կատարված «Աստվածամայր» փոքրիկ սրբանկարը։ Տաճարի դեկորատիվ հարդարանքը՝ բուսական զարդանախշերը՝ իրենց շքեղ, հարուստ ու գունագեղ հատվածներով, նոր երևույթ էր հայկական գեղանկարչության մեջ, ներմուծել է երևույթների աշխարհիկ ընկալումներ, հաստոցային նկարչության սկզբունքների կիրառում, առանձնահատկություններ, որոնք ուղեցույց են հանդիսացել նրա հետնորդներին։

Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ 

Հենց Նաղաշ Հովնաթանն է հանդիսանում Հովնաթանյան ընտանիքի հիմնադիրը:

Տաղանդավոր նկարիչը մահացել է 1722 թվականին: