Ահա թե ինչ է ֆրանսիահայ երաժիշը նվիրել Գյումրի քաղաքին

Գյումրեցի երգեհոնահարուհին իր քաղաքին երգեհոն է նվիրել: Երաժշտական գործիքը տեղադրված է Սուրբ Նշան եկեղեցում: Նարինեն 29 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում: Դաշնամուրային և երգեհոնային համերգներով աշխարհի շատ երկրներում է եղել, Ամերիկայի, Շվեյցարիայի, նաև Փարիզի Աստվածամոր տաճարի լավագույն երգեհոններով է նվագել:

2008 թվականին՝ իր հերթական համերգի ժամանակ, Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարող Կենտրոնական հրապարակում հազարավոր մարդիկ էին հավաքվել երգեհոնային երաժշտություն լսելու։ Ու այդ ժամանակ էլ Նարինեն խոստացել էր երգեհոն նվիրել քաղաքին։

 Տարիների ընթացքում համերգային շրջագայությունների հասույթը, նաև հովանավորների հանգանակած գումարներն նա անընդհատ ուղղել է մեկ նպատակի: Երգեհոնը գնվել է ու արդեն տեղափոխվել Գյումրի։ Այն Ստրասբուրգում հայտնի երգեհոնաշինարար Ռոտինգերի՝ 1961 թվականի գործիքն է:

Այն Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղադրելը պատահական չէ, Նարինեի մանկությունն այս եկեղեցու բակում է անցել, և երազանքն է եղել այդ եկեղեցում նվագելը: Ֆրանսիայից հրավիրվել են մասնագետներ, որպեսզի իրականացնեն երգեհոնի հավաքման աշխատանքները: Նրանք երգեհոնի ձայնը հարմարեցնում են եկեղեցու ակուստիկային:

Այս նվագարանն ապահովում է 14 գործիքների հնչողություն: Այն հիմա 850 խողովակ ունի: Նարինե Սիմոնյանի խոսքերով՝ նպատակ կա գործիքը մեծացնել ու դարձնել 1000 խողովակով, որը հարուստ ձայն ու տարբեր դարաշրջանների երաժշտություն նվագելու հնարավորություն է տալիս: