ԽՍՀՄ-ում ի՞նչն էր փոխարինում մագնիսներին։ Մի հավաքածուի պատմություն

Oտարերկրյա ճամփորդություններից զբոսաշրջիկների կողմից ամենահաճախ գնվող իրերեից են մագնիսները կամ կախազարդերը: Խորհրդային տարիներին դրանց փոխարեն տարածված էին թեմատիկ կրծքանշանները: Ներկայացնում  ենք մի հավաքածուի պատմություն, որը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագրի անձնական հավաքածուից է:

Պլաստմասսայե այս շարքը Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի արտադրանքն է: Այստեղ Երևանին վերաբերող կրծքանշանները սկսել են արտադրվել 1967-ից:

Պլաստմասսայե շրջանների վրա նախ հաստոցներով դաջվում էր պատկերի ուրվագիծը, ապա ձեռքով ներկվում: Այդ պատճառով կարելի է հանդիպել նույն հուշարձանի պատկերով կրծքանշան՝ տարբեր գույների: Օրինակ՝ Մաշտոցի արձանը մի տեղ արծաթագույն է, մյուս տեղում՝ նարնջագույն:

Հուշանվեր-կրծքանշանները Հայաստանում սկսել են արտադրել 1960-ականների սկզբից, սակայն հատկապես մեծ թափ է առել արտադրությունը 1968-ից սկսած, երբ Երևանը տոնում էր հիմնադրման 2750-ամյակը: Այսօր հայտնի է այդ իրադարձությանը նվիրված կրծքանշանների շուրջ քառասուն տեսակ:

Լինում էին նաև Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին, իրադարձություններին, տոներին (Վարդավառ), խոշոր գործարաններին («Երազ»), խանութներին, համալսարաններին նվիրված նմուշներ: Կրծքանշանները, որպես կանոն, պատրաստվում էին բրոնզից, պղնձից կամ ալյումինից: Ձևավորող նկարիչների թվում էին Մնացական Թամրազյանը, Էդուարդ Գասպարյանը և այլոք: Նրանց առաջարկները նախ հաստատվում էին նախարարների խորհրդի հատուկ բաժնի կողմից, որից հետո կրծքանշանները հայտնվում էին Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատում կամ Հայաստանի երգչախմբային ընկերության արտադրամասում:

Մի կրծքանշանի տպաքանակը կարող էր հասնել 40 հազար օրինակի: Առաջին հերթին դրանք վաճառքի էին դրվում Թումանյան փողոցում գտնվող Գեղարվեստի սալոնում: