«Ես ապրել եմ ուզում» Հայտնի տեսանյութի հայտնի ՀԵՐՈՍԸ

Ներկայացնում ենք 22-ամյա հերոսի պատմություննը։ Նրա սխրանքներն ուղղակի անգնահատելի են։ 22 անօդաչու սարք խոցած պայմանագրային զինծառայող Ռաֆիկ Օրդյանը դեռ ժամկետային ծառայության ընթացքում էր հասկացել, որ իր գործն հայրենիքին ծառայելը պետք է լինի: Ընդունվել և սովորել է Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական համալսարանում՝ հակաօդային պաշտպանության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո մեկնել է Շուշի ծառայության՝ որպես լեյտենանտ:

Մինչ պատերազմը Ռաֆիկը 2 անօդաչու սարք է ոչնչացրել: «Կհիշեք երևի, սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որտեղ երիտասարդ զինվորները՝ խոցելով անօդաչուն, գոռում են՝ կպավ, կպավ: Դա ինքն էր, ինքն է խոցել»,- պատմում է նրա սիրելին, 25 ամյա Ալինան:

Ռաֆիկը պատերազմից առաջ արձակուրդում է եղել և Ալինայի խոսքով՝ շատ լավ տրամադրությամբ է վերադարձել Արցախ, նշել, որ իր կյանքի ամենալավ արձակուրդն էր դա:

Նա կռվել է Աղդամում: Նոյեմբերի 9-ին հերթական հրամանն են ստացել, որ ներս մտնեն թաքստոց, բայց բայրաքթարն արդեն 30 րոպե նկարելիս է եղել նրանց, և ներս մտնելուց 4 րոպե անց խոցել. «Ինքն է զոհվել ու մեխանիկ վարորդը: Իր կողքին  գտնվող երկու զինվորները հաշվարկի կամզից են եղել, փրկվել են»:

Ռաֆիկը մեծ ցանկություն է ունեցել կնքվելու և պլանավորել է նոյեմբերի 26-ին՝ իր ծննդյան օրը կնքվել Շուշիում. «Ընկերները պատմում են որ, պատերազմի օրերին միշտ ասել է, որ մեծ բացթողում ունեմ, պետք է կնքվեմ»:

Հերոսը զոհվել է նոյեմբերի 9-ին՝ հրադարադրի կնքման օրը: «Նա սկզբում վիրավոր է եղել, սակայն չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց և ճանապարհին զոհվել է՝ սրտի կանգից, բայց գիտակցությունը տեղն է եղել  ճանապարհին: Պատմում են, որ աղոթել է, մի քանի անգամ, ասել է՝ ուզում եմ ապրեմ»,- պատմում է Ալինան: