Լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը 9 տարի ծառայում էր հայրենիքին, սակայն հրազենային վնասվածքը նրա կյանքը խլեց. Կինը՝ Արփինեն, պատմում է ՀԵՐՈՍ ամուսնու մասին
«Սկեսուրս անընդհատ ուշաթափվում էր, ես մտածում էի՝ Աստված ջան, ինչ կլինի, իմ ուշքն էլ գնա, կորցնեմ գիտակցությունս, զարթնեմ, ու էս սաղ երազի մեջ եղած լինի։ Մինչև մենք գնացինք, հասանք Լեննական, իրեն արդեն բերել էին»,- արցունքները սրբելով պատմում է 34-ամյա Արփինե Վարդանյանը, որն Արցախյան պատերազմի հետևանքով կորցրել է սիրելի ու ինչպես ինքն է նշում՝ անչափ հոգատար ամուսնուն՝ Մկրտիչ Վարդանյանին։

34-ամյա ավագ լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը 9 տարի խաղաղապահ բրիգադում է ծառայել, պայթուցիկ սարքերի վնասազերծման վաշտի հրամանատարի տեղակալն էր։ Մկրտիչը բանակում սակրավորի մասնագիտություն էր ստացել, վերադառնալուց հետո որոշել էր, որ այդ գործից ճիշտ գործ չկա, այդ աշխատանքը կատարելով և՛ հայրենիքին օգտակար կլինի, և՛ ապագա ընտանիքը կպահի։
Արփինեն ու Մկրտիչն ամուսնացել են 2012-ին, ունեն երկու երեխա՝ 8-ամյա Մուշեղը և 5-ամյա Սոնան։
Արփինեն ամուսնու մասին խոսում է կարոտով ու մեծ ցավով, որ այլևս ընտանիքի հենարանը չկա։ 9 տարի են միասին ապրել, սակայն ամուսինը հաճախ երկրից դուրս է գտնվել աշխատանքի բերումով՝ Աֆղանստան, Սիրիա, Գերմանիա, Ռուսաստան, Լիտվա։ Կարճ, բայց երջանկությամբ լեցուն 9 տարիներ էին, ասում է Արփինեն։
Մկրտիչ Վարդանյանը զոհվել է Հադրութում հոկտեմբերի 19-ի առավոտյան՝ հրազենային վնասվածքից։ Փամփուշտը վնասել է թոքը, լյարդը, լեղապարկը, ներքին արյունահոսություն է սկսվել։ Արփինեն ասում է՝ ոչ այդ ժամանակ էր հավատում, ոչ էլ մինչև հիմա, որ իրենց ընտանիքի երջանկությունը մի վայրկյանում այդպես կփլուզվի:
«Ես ամեն ձև ուզում էի, որ մեկն ինձ ասի՝ Մկոն կենդանի ա, չենք գնում իրան տենց տեսնենք, բայց տեգրս ասեց՝ մենք Մկոյին կորցել ենք… Ասեցի՝ Դա՛վ, չե՛նք կարա մենք Մկոյին կորցնենք, ախր մենք ո՛նց կարանք Մկոյին կորցնենք, չի՛ լինի տենց բան»,- հուզվում է կինը։

Արփինեն ամուսնու զոհվելուց հետո երկու ամիս տնից դուրս չի գալիս, ասում է՝ չէր ուզում մարդկանց տեսներ, շփվեր, բայց երկու ամիս հետո գործընկերների խորհրդով աշխատանքի է վերադարձել։ Ասում է՝ նույնքան դժվար էր տնից դուրս գալը, ամեն քայլը, ամեն վայրը ամուսնուն էր հիշեցնում:
«Ամեն քայլս դնելիս հիշում էի` ոնց ենք իրար հետ էդ տեղից անցել, խանութ մտնելուց հիշում էի՝ ոնց ենք էդ խանութից առևտուր արել, հիմնարկում անընդհատ նայում էի պատուհանից, հեսա ավտոն գալու ա, Մկոն ինձ տուն տանի։ Ամեն ինչը իմաստը կորցրել ա, փորձում եմ աշխատանքով մի քիչ լցնել, բայց ինքն անընդհատ ա իմ ուղեղի մեջ: Չպիտի՛ սենց լիներ, մենակ իմ համար չեմ ասում, շատ սխալ բան եղավ»։
Արփինեն ասում է՝ ամուսինը մեծ սար էր իր թիկունքին ու բոլոր հարազատների համար։ Նշում է՝ միշտ միասին էին պլանավորում ցանկացած գործ, միմյանց օգնում ու հաղթահարում դժվարությունները․ «Ես ոչ մի բանի մասին չէի անհանգստանում, ես գիտեի, որ ամենանեղ դրության մեջ ինքը մի բան անելու ա, աշխատանքի մեջ պետք էր լինում, անգամ ես թղթերս հավաքում-բերում էի, իրար հետ գործ էինք անում, տան գործ լիներ, մի օր ինքը չնեղվեց, որ չեմ հասցրել ճաշ սարքեմ, շոր արդուկեմ, ըտենց բան չի եղել մեր տանը: Չենք հասցրել՝ ոչինչ, իրար հետ կանենք, կամ կգնանք դրսում կուտենք»,- ասում է կինը ու հիշում, որ միշտ միասին էին ընթրում՝ անկախ նրանից, ով էր շուտ կամ ուշ գալիս աշխատանքից, միշտ սպասում էին, որ ընտանիքով ընթրեին:

«Ինքը որ դրսում էր լինում, ես գալիս էի, խոհանոցում հաց էի սարքում, ինքը Viber-ով զանգում էր, որ մեկ ա` իրար հետ ենք, ոչինչ, որ դրսում եմ»,- հուզվում է Արփինեն ու կսկիծով նայում հյուրասենյակի պատին փակցված ամուսնու նկարին։
Արփինեն ասում է՝ ամուսնու երազանքն էր տուն ունենալ, երեխաների համար տանիք ապահովել: Նա կարևորում էր կյանքի ամեն պահը, փորձում անել ամեն ինչ, որ երեխաները որևէ բանի պակաս չունենան, ինչ ցանկանում են, ստանան ժամանակին ու վայելեն այդ պահի ուրախությունը։
«Ես հավատում եմ, որ հետո էլի մենք հանդիպելու ենք իրար, որ ինքը ինձ չասի՝ ինչի՞ կիսատ թողեցիր, ես չկարացի, դու ինչի՞ թողեցիր։ Երազում էր՝ Մուշոն բժիշկ դառնար, իրա պապը բժիշկ էր, ասում էր՝ Մուշին էլ կսազի: Սոնան էլ իրա համար մի ուրիշ աշխարհ էր։ Սոնան փոքր ա, բայց հոր ասած ամեն խոսքը հիշում ա, որտեղ գնացել են իրար հետ, ասում ա՝ մամա, հիշո՞ւմ ես՝ պապան սենց էր գրկում, պապան արթնացնում էր, ասում էր՝ Սոնեչկա, ստավայ»,- անհուն կարոտով պատմում է Արփինեն ու ասում, որ այսօր ապրում է միայն հիշողություններով։
