Դիրքերում ժգուտ չկար, մայոր Լևոն Սարգսյանը ոտքի վիրավորումից զոհվեց. Կինն ու 2 անչափահաս երեխաները ապրում են նրա կարոտով
«Նստում եմ էստեղ, նայում դռանը ու սպասում, կարոտից ու սպասումից ահավոր բան չկա»,- հայացքով դեպի տան դուռը ցույց տալով ասում է երկու անչափահաս երեխաների մայր 32-ամյա Մարիամ Հակոբյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է սիրելի ամուսնուն՝ 34-ամյա մայոր Լևոն Սարգսյանին։
Լևոն ծնունդով Երևանից է, սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որն ավարտելուց հետո մեկնել է Ջրական՝ սահմանին ծառայություն իրականացնելու։ Ծառայության երկրորդ տարում ամուսնացել է Մարիամի հետ, ևս 6 տարի սահմանին ծառայելուց հետո ընտանիքով վերադարձել Երևան։ Կարճատև ծառայել է Նուբարաշենի զորամասում, որը հետագայում լուծարվել է, դրանից հետո տեղափոխվել է խաղաղապահ զորքեր։
2020-ին խաղաղապահ առաքելությամբ Լևոնը մեկնել է Աֆղանստան, 8 ամիս առաքելություն իրականացնելուց հետո սեպտեմբերի 21-ին մեկ ամսով արձակուրդ եկել Հայաստան, սակայն 6 օրից սկսվել է Արցախյան պատերազմը, և Լևոնը մեկնել է առաջնագիծ։ Սեպտեմբերի 28-ին զոհվել է Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ։

Կինը՝ Մարիամ Հակոբյանը, ամուսնու կորստի հետ համակերպվել չի կարողանում։ Ասում է՝ դժվարություններով լի կյանք են ունեցել, սահմանին 6 տարի ապրել, երեխաներ են ունեցել, արդեն պետք է վայելեին կյանքը։
«Պատերազմը խլեց մեր ընտանիքի երջանկությունը։ Մինչև լույս չեմ քնում, ամբողջ գիշեր ապրում եմ հիշողություններով, մեր անցկացրած ամեն վայրկյանը, ամեն դժվարությունը հաղթահարելն եմ հիշում: Չէի պատկերացնում, որ կարող եմ այսքան պայքարել ու հետո կորցնեմ իմ կյանքում էն, ինչն ամենաշատն էի գնահատում ու սիրում։

Լևոնն էլ էր ասում՝ մեր երիտասարդությունից ոչինչ չհասկացանք, բայց ծերությունը պիտի վայելենք, երեխաներին ամուսնացնենք, առանձնացնենք, իրենք իրենց կյանքով ապրեն, մենք մեր ծերությունը վայելենք… Բայց էդպես էլ չհասավ էդ ծերությանը»,- արցունքները սրբելով ասում է կինը։
Մարիամ Հակոբյանը և Լևոն Սարգսյանը ամուսնացել են 2010-ին։ Մարիամն ասում է՝ գիտեր, որ զինվորականի կին լինելը հեշտ չի լինելու, շատերն էին զգուշացրել, որ թափառական կյանքով է ապրելու, բնակարան չի ունենալու, մեծ պատասխանատվություն ու ջանք են պահանջվելու իրենից, բայց ընտրում է զինվորականի կողքին լինելը, ասում է՝ գուցե դա իր առաքելությունն էր:
Մարիամն ասում է՝ թեև Ջրականում 6 տարիները ամենադժվարն ու հոգսաշատն էին, սակայն իրենց ամենաերջանիկ տարիներն էին։
«Աբսուրդն այն է, որ ինքը չկա մի ժգուտի պատճառով, ինքը ոտքից է վիրավորվել, ժգուտ չի եղել, ինքն իրեն կապել է բուշլատի թելով… Իրենց հրամանատարական կազմը, չգիտեմ ինչու, դա համարում է ճակատագիր, իրա ընկերներն են պատմել, որ ժգուտ չունեին, և իր բուշլատի թելն է քաշել։ Անգամ վիրավոր ժամանակ հրահանգներ է տվել։ Ինքը դիրքում չպետք է լիներ, բայց չէր կարող տեսնել՝ ինչպես են 18 տարեկանները կանգնում, իսկ ինքը թիկունքում մնում։ Թիկունք է իջացրել 18 տարեկաններին և ինքն է բարձրացել առաջնագիծ, դա իր տեսակն էր»։
Մարիամն ասում է՝ եթե կյանքը նորից սկսելու լիներ ու իմանար, որ 10 տարի է ապրելու ամուսնու հետ, նորից նրա հետ կամուսնանար:
«10 անգամ էլ իրեն կընտրեի, ես զգացել եմ ամուսնու կողմից գնահատված ու հարգված լինելու երջանկությունը, ես էնքան բախտավոր եմ, որ զգացել եմ դա: Իր ժպիտն ինձ համար ամեն ինչ արժեր, կարողանայի էնպես անել, որ ինքն ընտանիքում լիարժեք հանգստանար, երբ տուն գար ծանր աշխատանքային օրվանից հետո, իրեն սպասեր ջերմ մթնոլորտը: Միշտ ասում էր՝ իմ կինը խոհանոցում հրաշքներ է գործում»,- Մարիամը երանությամբ է հիշում անցյալի երջանիկ պահերը։
Լևոն Սարգսյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։