Երևանի լեգենդար օդանավակայանի պատմությունը

Շուրջ երեք տասնամյակ Արթուր Թարխանյանի և իր գործընկերների կողմից կերտած հսկայական տիեզերանավ հիշեցնող օդանավակայանը քաղաքի այցեքարտերից մեկն էր:

Շաբաթ կամ կիրակի օրվա երեկո էր: 10-ամյա Անահիտը թեյ էր ըմպում հոր՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ խոհանոցում: Հայրիկի հետ հանդիպումները հաճախ չէին, նա անդադար աշխատում էր և նման երեկոներ միայն ոչ աշխատանքային օրերին էին կազմակերպվում:

— Պապ, էս ի՞նչ ես նկարում:

— Նայիր՝ սա օղակաբլիթն է, կողքը՝ փշրանքներն են, իսկ վերևից ճանճեր են թռչում դեպի փշրանքները: Օղակաբլիթը օդանավակայանն է, փշրանքները մարդիկ են, իսկ ճանճերը՝ ինքնաթիռները: Թարխանյանն օղակաբլիթների մեծ սիրահար էր: Ամեն անգամ, երբ կինը գործուղման էր մեկնում Մոսկվա, մշտապես ռուսական օղակաբլիթներ էր բերում իր հետ:

1969-ին ճարտարապետներ Սպարտակ Խաչիկյանը, Արթուր Թարխանյանը, Լևոն Չերկեզյանը և Ժորժ Շեխլյանը տեղեկացան, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից օդանավակայան կառուցելու համար: ժյուրիի անդամներն ընտրեցին չորս ճարտարապետների մշակած շենքի բացառիկ նախագիծը, որը հնարավորություն էր տալիս ապահովել ժամում 2 100 ուղևորի թռիչք:

Օդանավակայանի նախնական ձևը սակայն անհետ չկորավ: Այն չափազանց դուր էր եկել Տալինի ճարտարապետներին և հետագայում նրանց օդանավակայանը կառուցվեց հենց «հայկական տարբերակից» ոգեշնչված: 1980-ականների սկզբին այն արդեն գործում էր Տալինում:

Նախագծի գլխավոր ինժեներն է ԽՍՀՄ մինիստրների խորհրդի մրցանակի դափնեկիր Խաչիկյանը: Նախագծի համահեղինակներն են ճարտարապետներ Ա. Տիգրանյանը, Արթուր Մեսչյանը, կոնստրուկտորներն են Գ. Գևորգյանը, Յու. Խաչատրյանը, Ե. Ինդիշկյանը և Իգոր Ծատուրյանը:

Օդանավակայանի կառուցումն իրականացնում էր Հայաստանի ամենախոշոր կազմակերպություններից մեկը՝ «Հիդրոէներգոստրոյը»: Միայն նախագծման աշխատանքները տարիներ տևեցին և գտնվում էին անձամբ Կարեն Դեմիրճյանի հսկողության տակ:

Հումորի մեծ զգացում ունեցող ճարտարապետն ինքն էր հորինում իր նախագծած աշխատանքների մականունները: Այդպես նրա թեթև ձեռքով «Զվարթնոցը» ստացավ «օղակաբլիթ» մականունը, երիտասարդական պալատի նախագծի կողքին կրծած եգիպտացորեն էր նկարված (այստեղից էլ՝ «կրծած կուկուռուզ»), իսկ մարզահամերգային համալիրը դարձավ «ադիբուդի»:

Օդանավակայանը նախագծելիս Արթուր Թարխանյանը շեշտը դրել էր հիմնականում երկու կետի վրա՝ սեյսմիկ անվտանգություն և Արարատը «Զվարթնոցի» հետևում: