Ո՞վ էր այս «ԻՆՔՆԱՁԻԳՈՎ ՀԱՅՈՒՀԻՆ», և ինչու՞ էին նրան 20 տարի շարունակ փնտրում ռուսները
Հայտնի ֆոտոլրագրող, պատերազմի վավերագրող Օլեգ Կլիմովի պատերազմական լուսանկարները ցուցադրվել եւ ցուցադրվում են ամբողջ աշխարհում: Նա շրջել է մոլորակի ամենաթեժ կետերում և աշխարհին ցույց տվել պատերազմի իրական դեմքը:
«Ինքնաձիգով հայուհին» Կլիմովի ամենահայտնի լուսանկարներից է: Այն տպագրվել է արտասահմանյան բազմաթիվ թերթերի գշխավոր շապիկներին: Իսկ Ռուսաստանում «Պարզապես պատերազմ» խորագրով ֆոտոցուցահանդեսի գլխավոր նկար է ճանաչվել՝ ստանալով երկրորդ անվանումը՝ «Կալաշնիկովի ինքնաձիգով Մադոննան»:

Տարիներ առաջ էլ «Կանայք՝ ընդդեմ պատերազմի» միջազգային կազմակերպությունը լուսանկարը տեղադրեց հսկայական պաստառների վրա ու փակցրեց ամբողջ Ամստերդամում: Նրանք չգիտեին էլ, թե ով է իրականում նկարում պատկերված այդ կինը, պարզապես ենթադրել էին, որ հաստատ զինվորի մայր է և հաստատ դեմ է պատերազմին:
Իսկ թե ով էր լուսանկարում պատկերված հայուհին, հեղինակն ինքն էլ երկար ժամանակ չգիտեր: Կնոջը լուսանկարել էր Ստեփանակերտում 1992թ.-ին. փախստականների մի մեծ խումբ Շահումյանի շրջանից, որտեղ թեժ մարտեր էին ընթանում, ոտքով հասել էր Ստեփանակերտ: Կինը միանգամից ոգեշնչել էր լուսանկարչին: Կինն ու ինքնաձիգը…
Տարիներ հետո, ավելի ստույգ` քսան տարի անց, Օլեգը որոշում է որոնել-գտնել լուսանկարի կնոջը: Դիմում է հայ լուսանկարիչ ընկերներին, հետո ինքն անձամբ ժամանում է Հայաստան: Նա շրջում է Ղարաբաղի շուկաներում, փողոցներում, պատահական անցորդներին ցույց տալիս լուսանկարը: Ոմանք ծիծաղում էին Օլեգի այդ որոշման վրա եւ փնտրտուքը անմտություն, ժամանակի զուր վատնում համարում, ոմանք էլ խորհուրդ էին տալիս կնոջը փնտրել «ռուսաստաններում»…

Բայց, ահա, անցորդներից մեկը՝ երկա՜ր-երկար նայելով լուսանկարին, ասում է.
«Ես ճանաչում եմ այս կնոջը, նա ձուկ է վաճառում Սեւանում: Ու երկար սպասված հանդիպումը տեղի է ունենում»: