Փաստեր Նար Դոսի մասին, որ պետք է իմանալ
Ամառ, թե ձմեռ, միշտ ամեն անգամ
Դռնեդուռ որքա՜ն մարդիկ են շրջում,
Ամենքը տկար, նոթի, մերկանդամ,
Արցունքն աչքերին «հա՜ց, հա՜ց» են մուրում»…
Նար-Դոսի իսկական անունն է Միքայել Զաքարի Հովհաննիսյան: Ծնվել է 1867թ.-ին Թիֆլիսում:
Հայրը մանր առևտրական էր՝ բրդավաճառ: Ընտանիքը ֆինանսապես անկարող էր որդուն լավ կրթությամբ ապահովել: Այսպիսով Միքայելը նախնական կրթություն է ստանում Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում, շուտով ցարի հրամանով հայկական դպրոցները փակվում են և ապագա գրողը ստիպված է լինում ուսումը շարունակել Նիկոլաևյան երկդասյան դպրոցում:
Այնուհետև գրողին հաջողվում է ընդունվել Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողացել ուսումն ավարտին հասցնել ու վերադարձել է Թիֆլիս:

Ապագա արձակագիրը սկսում է մասնագիտություն սերտել Միքայելյան արհեստագործական դպրոցում. այստեղ ուսումն անվճար էր: Հենց այստեղ է Միքայելը ծանոթացել և մտերմացել ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ: 1 տարի անց Նար-Դոսը թողնում է նաև այս դպրոցն ու տարվում ինքնակրթությամբ:
Նար-Դոսի լրագրողական աշխատանքը սկսվում է 1890թ.-ից, նա զբաղեցնում է «Նոր դար» պարբերականի պատասխանատու քարտուղարի պաշտոնը մինչև 1906թ.-ը: 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատում «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում:
Արձակագիրը սկսել է զբաղվել գրական գործունեությամբ 1880-ական թվականներից, հատկանշական է, որ սկզբում նա առավելապես էր գրում, դրանցից մի քանիսը լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում:
Գրողի տաղանդն առավելապես արտահայտվել է արձակում՝ նրա վիպակներում ու պատմվածքներում: Նրա «Ճշմարիտ բարեկամը»-ը «Նոր դար»-ի էջերում է հայտնվել Միխո-Օհան ստորագրությամբ:
Նար-Դոսը բարձր էր գնահատում գրականության ու մասնավորապես ռեալիստական գրականության դերը հասարակական կյանքում: Գրականության մասին խոսելիս Նար-Դոսն ասում էր, որ այն կոչված է դրական ազդելու «մարդկանց մտքի ու սրտի վրա»: Նրա սիրելի գրողներից էին Տուրգենևը, Գոնչարովը, Տոլստոյը, Դոստոևսկին և Չեխովը:

Թեև նա աշխատում էր պահպանողական «Նոր դար» լրագրի խմբագրատանը, իր սեփական հայացքները լրիվ այլ էին: Գրողը դեմ էր պահպանողականների խավարամոլությանը, ծաղրում էր կղերական ոգին, հետամնաց ավանդապահությունը:
Նար-Դոսը վախճանվել է 1933թ.-ին Թիֆլիսում: Նրա աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը: