Ինչպե՞ս կառուցվեց Ազգային ժողովի շենքը։ Ո՞վ էր գաղափարի հեղինակը
Հայաստանի անցած ուղու ու դժվարությունների ականատեսն ու անմիջական մասնակիցը քաղաքի կենտրոնից հեռու, մի բլուրի վրա գտնվող և խաղողի այգիների փոխարեն կառուցված շինությունն էր, որը մենք այսօր ճանաչում ենք որպես Ազգային ժողովի շենք։ Շինության մասին մեծ տեղեկությունների է տիրապետում լրագրող Մարկ Գրիգորյանը՝ շենքի հեղինակի, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետի թոռը։
Ինչպե՞ս էր կառուցվել շենքը, դեպքերի ի՞նչ զարգացում էր տեղի ունեցել։ 1947 թ-ին գլխավոր ճարտարապետի հետ կապ էր հաստատել Հայաստանի ղեկավար Գրիգորի Արուտինովի օգնականը և հրավիրել զբոսանքի։
Շրջանցելով ամառանոցները՝ նրանք մոտեցել էին մի կիսադատարկ բլուրի, որի մի հատվածում խաղողի այգի էր։ Արուտինովը հենց այդտեղ էր պատկերացրել Կոմունիստական կուսակցության կենտկոմի ապագա շենքը և իր գաղափարի մասին հայտնեց Գրիգորյանին։

Այն ժամանակ Բաղրամյան պողոտայի տեղում մի նեղլիկ փողոց էր, որի երկայնքով ամառանոցներ էին կառուցվել, այն քաղաքի կենտրոնական մասից հեռու էր։ Ինչպե՞ս էր հնարավոր կառավարել ամբողջ հանրապետությունն այդ տեղից։ Բայց Արուտինովն ուզում էր ապացուցել, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է կառավարել երկիրը ցանկացած վայրից։
Մարկ Գրիգորյանը սկսեց նախագծել շինությունը։ Ընդամենը երեք տարի անց շենքը պատրաստ էր, իսկ կենտկոմի աշխատակիցները՝ տեղափոխությունների մեջ։ ԱԺ-ի շենքը մարմնավորում է ժամանակների ճարտարապետության լավագույն լուծումները։
Տարիներ անց շենքը վերանորոգվեց։ 70-ականների կեսերին Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ մեկնարկեց նոր շինարարություն։ Կառուցվեցին նիստերի դահլիճը, ճաշարանը, ավելացավ աշխատասենյակների քանակը։ Ստեղծվեց առանձին մուտք դեպի առաջին քարտուղարի սենյակ։ Դեմիրճյանի նախաձեռնած շինարարությունն ավարտվեց 1985 թվականին։

Խաղողի այգիների տեղը զբաղեցրած շենքում շարունակում էր գործել արդեն բավականին թուլացած կենտկոմը, իսկ Գերագույն խորհրդի նստավայրը Բաղրամյան 26-ն էր։
Հաջորդող տարիներին այդ շենքը կրկին ականատես եղավ ողբերգական դեպքերի։ 1996-ին շենք մուտք գործեցին նախագահական ընտրություններից դժգոհ քաղաքացիներ, իսկ 1999 թվական հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ մի խումբ զինված անձինք սպանեցին իշխանության տարբեր անդամների։