Շնորհիվ այս ՀԱՅԻ՝ հայագիտությունը մնայուն գործերով է հարստացվել. ճանաչենք Երևանի պատվավոր քաղաքացուն

Խոսքը հայ փիլիսոփա, պատմաբան,  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Սուրենի Արևշատյանի մասին է, ով ծնվել է 1928 թվականի հունվարի 7-ին Երևանում։ Սեն Արևշատյանը սովորել է Երևանի պետական համալսարանի  պատմության ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն:

Sen S. Arevshatyan.jpg

 

1951-1954 թվականներին ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։

1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն14-15-րդ դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։

1954-1959 թվականներին Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թվականի ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։

1972 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թվականի մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։

Սեն Արևշատյանը 1975-1978 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Մինչև 2014 թվականն այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն էր։

1982 թվականին Սեն Արևշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի՝ 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007-2014 թվականներին Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ:

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։

Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ:

 Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։

Պրոֆեսոր Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։

Սեն Արևշատյանի գիտական վաստակի կարևորագույն մասը հայ փիլիսոփայության պատմության և առհասարակ հայ հին և միջնադարյան հոգևոր մշակույթի պատմության աղբյուրագիտական հիմքի ամրապնդումն ու հարստացումն է: Պատմաբանը ուրիշ գիտնականների աշխատակցությամբ, պատրաստել, ծանոթագրել, մեկնաբանել է, աշխարհաբար և կամ ռուսերեն թարգմանությամբ ներկայացրել մատենագրական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են «Հերմեայ Եռամեծի առ Ասկղեպիաս սահմանք», Զենոն իմաստասերի «Յաղագս բնութեան», Հովհաննես Երզնկացու (Պլուզի) «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քաղեալ բանք», «Անանուն Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի», Անանիա Շիրակացու «Տիեզերագիտութիւն»-ը, Գրիգոր Տաթևացու «Սողոմոնի առակների մեկնությունը» հանգամանալից առաջաբաններով, ծանոթագրություններով և այլն:

Ակադեմիկոս Սեն Արևշատյանի՝ հայագիտությունը մնայուն գործերով հարստացնելու անհերքելի ապացույցն են նաև 2000-2009 թթ. Հայաստանում և արտասահմանում հրատարակված հետևյալ կոթողային աշխատությունները` Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (հեղինակակից` Ք. Տեր-Դավթյան, 2004), Մեսրոպ Մաշտոցին վերագրվող «Սուրբ Գրիգորի վարդապետության» աշխարհաբար նոր թարգմանությունը (2007), որը նա կատարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հայ եկեղեցու հայրեր» մատենաշարի ծրագրի համար, «Հայոց փիլիսոփայության պատմություն. Հին շրջան և միջնադար» (հեղինակակից` Կ. Միրումյան, 2007) և մի շարք ուշագրավ հոդվածներ: