«Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր». գիտե՞ք՝ որ հայ նկարչին են ուղղված Մարտիրոս Սարյանի այս խոսքերը
Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։
Մարտիրոս Սարյանի այս խոսքերն ուղղված են 20-րդ դարի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկին՝ Մինաս Ավետիսյանին:


Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։
Մինասը Մարտիրոս Սարյանի հետ առաջին անգամ ծանոթացել է 18 տարեկանում: Մաեստրոն շատ է հավանել նրա ոճն ու տաղանդը:
Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով.
Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:
«Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակը հենց Մինաս Ավետիսյանն է:
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։


Իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:
Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
Ի դեպ, անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972 թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:
1975 թ. փետրվարի 16-ին տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Նրա մահն այդպես էլ չբացահայտված մնաց, սակայն շատերի կարծիքով դա դժբախտ պատահար չէր: