«Տուն-տեղ կորցնես, հետո էլ զավակիդ կորցնես». 20-ամյա ՀԵՐՈՍ Վարդգես Պողոսյանը զոհվեց ականի պայթյունից

Պողոսյանների կյանքը 44-օրյա պատերազմի հետևանքով ամբողջովին շրջվել է։ Կորցրել են Հարդրութի շրջանի Մոխրենես գյուղի տունը, այգին, մեքենաները, անասունները, այն, ինչ ստեղծել էին երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, սակայն ամենասարսափելին հոկտեմբերի 26-ին ստացած ողբերգական լուրն էր, երբ իմացան՝ հայրենիքը պաշտպանելիս ընկել է կրտսեր որդին՝ 20-ամյա Վարդգես Պողոսյանը։

«Տղայիցս հետո էլ ի՞նչ կյանք»,- ասում է Վարդգես Պողոսյանի հայրը՝ 49-ամյա Վասիլի Պողոսյանը, որը նույնպես կամավոր մասնակցել է պատերազմին. «Տուն-տեղ կորցնես, ուրիշի տանը ապրես, հետո էլ զավակիդ կորցնես, էլ ո՞նց կլինի, էլ ի՞նչ ապագա»։

Որդին՝ Վարդգես Պողոսյանը, ցանկանում էր իրավաբան դառնալ, ընդունվել էր Արցախի «Գրիգոր Նարեկացի» համալսարան՝ իրավագիտության ֆակուլտետ, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել էր բանակ, մայրն ասում է՝ մի քանի ամիս էր մնացել, որ վերադառնար, կրթությունը շարունակեր, ապագայի պլաններ ուներ, բայց… ամեն ինչ փլուզվեց։

Պողոսյանների ընտանիքն այժմ վարձով ապրում է Ստեփանակերտում: Ապրում են միայն անցյալի հիշողություններով ու անհուն կարոտով։

49-ամյա կինն ասում է, որ վերջին անգամ տղային տեսել է օգոստոսին՝ նախքան պատերազմը։ Այդ օրը հանդիպելիս տղան փաթաթվել է մորն ու ասել՝ կռիվ է լինելու: 

«Ասեց՝ մամա՛, ահագին թուրքեր են կուտակված, կռիվ ա լինելու, ասեցի՝ զգույշ մնա, ասեց՝ ինչ էլ լինի, մտածի՝ ես կենդանի եմ»,- արցունքների միջից հիշում է մայրը։

Վարդգես Պողոսյանը զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ Սոս գյուղում ականանետի հարվածից։ Մայրը հիշում է, որ որդու զոհվելուց ժամեր առաջ խոսելիս զգացել էր, որ ինչ-որ բան այն չէ։ Ժամեր անց թեժ մարտերում տղան զոհվում է: 

Մայրն ասում է՝ տղան կատակասեր էր, ընկերասեր, սիրում էր ընկերական հավաքներն ու խնջույքները, ուշադիր ու հոգատար էր, այսպիսին են հիշում հարազատները Վարդգես Պողոսյանին։

«Ամիսը երեք անգամ Ստեփանակերտից գալիս ենք Եռաբլուր, հետ գնում, էլ ուրիշ ի՞նչի մասին մտածեմ»,- որդու զոհվելուց հետո կյանքի իմաստը կորցրել է 49-ամյա հայրը։