24-ամյա ՀԵՐՈՍ Հրանտ Ջավադյանը կյանքը նվիրեց սիրելի հայրենիքին. Նրա բոլոր երազանքները կիսատ մնացին

«Մեր տան լույսը հանգել ա, մեր տան ուրախությունն ու երջանկությունը կտրվել են»,- արցունքն աչքերին ասում է 50-ամյա Նարինե Ջավադյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 24-ամյա որդուն։

Ջավադյանների ընտանիքը Արցախից է՝ Մարտունի քաղաքից, 9 տարի առաջ տեղափոխվել են Ռուսաստան, սակայն տղան՝ Հրանտ Ջավադյանը, չէր ցանկացել Ռուսաստանում հաստատվել, մի քանի ամիս անցկացնում էր Ռուսաստանում ու նորից վերադառնում հայրենիք՝ Արցախ։

2020-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ առաջին իսկ օրից առաջնագիծ է մեկնել, այս պատերազմը երկրորդն էր, որին մասնակցել է 24-ամյա տղան։ Առաջինը՝ Ապրիլյան պատերազմն էր, որի ժամանակ Հրանտ Ջավադյանը ժամկետային զինծառայող էր։ 

Հրանտը պատերազմի օրերին հակառակորդի դեմ կռվել է Մարտունի 2-րդ պաշտպանականում և Մարտունի քաղաքում, որտեղ էլ զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Ծնողներն ասում են՝ որդու զոհվելուց հետո կյանքն իմաստը կորցրել է․ «Կյանք չկա, էլ ի՞նչ կյանք, պրծավ»,- կսկիծով ասում է հայրը՝ 60-ամյա Գաստելլո Ջավադյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել 90-ական թվականների պատերազմին:

Որդու զոհվելու լուրն իմանալուց հետո հայրը Ռուսաստանից անմիջապես վերադարձել է Արցախ, մայրը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողացել վերադառնալ և մասնակցել որդու հուղարկավորությանը:

Ջավադյանները պատերազմից հետո Ռուսաստանից տեղափոխվել են Արցախ, ասում են՝ որդու գերեզմանը Արցախում է, չեն կարող այլևս Ռուսաստանում մնալ: «Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում է թաղված։ Մեր երեխու գերեզմանը էստեղ է, էլ ո՞ւր գնանք»,- նշում է հայրը։

Հրանտը սիրում էր կյանքը, ընկերներին, խնջույքները, ուշադիր էր ու հոգատար, ասում է մայրը, բոլոր պլանները միշտ քննարկում էր իր հետ․ «Սիրած աղջիկ ուներ, ասում էր, մա՛մ, շատ խոխեք պիտի ունենամ։ Ուզում էր զինվորական ծառայության անցներ։ Մենք տուն չունեինք, ասում էր՝ մի հատ տուն վերցնենք կրեդիտով։ Աղջիկս ամուսնացել, Ռուսաստան էր գնացել, մենք էնտեղ էինք ապրում, բայց գնում-գալիս էինք: Ինքը չէր սիրում Ռուսաստանը, ասում էր՝ մա՛մ, ես գնում եմ իմ հայրենիքս, ես գնում եմ Ղարաբաղ: Ասում էի՝ ընտանիքդ ստեղ, ո՞ւր ես գնում, ասում էր՝ ես ստեղ չեմ ուզում մնա, չեմ կարում մնամ, էդպես էլ հայրենիքի համար կյանքը տվեց»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

Ասում է՝ օրն անցկացնում է տղայի լուսանկարները նայելով ու հեռախոսի ձայնային հաղորդագրությունները լսելով։ Կարոտը անհուն է, ցավը՝ խոր։