«Մամ, ես փախնող տղա չեմ». 31-ամյա հետախույզ Արմեն Բադասյանը զոհվեց անօդաչուի հարվածից, երբ փրկում էր վիրավորներին
«Որ գնում եմ Եռաբլուր, չեմ ուզում գալ, ուզում եմ մնալ տղայիս մոտ։ Ամուսինս զանգում ա, ասում ա՝ Դոնարա՛, չե՞ս գալիս, ասում եմ՝ Արմենիս մոտ եմ, հեսա կգամ։ Որ ինձ մնա, ես չեմ գա, գիշերն էլ կմնամ, միասին կմնանք»,- 64-ամյա մայրը միակ որդու կորստյան հետ համակերպվել չի կարողանում։
Դոնարա Բադասյանի որդին՝ 31-ամյա Արմեն Բադասյանը պայմանագրային զինծառայող էր՝ դիպուկահար և հետախույզ։ Արցախյան պատերազմի ժամանակ որպես հետախույզ ամենաթեժ կետերում էր՝ Ջրականից Հադրութ, Հադրութից Ֆիզուլի, Ստեփանակերտ, մոր խոսքով՝ որտեղ անհրաժեշտ էր, ինքն այնտեղ էր։
Արմեն Բադասյանը նոյեմբերի 9-ին՝ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո է զոհվել՝ վիրավորներին օգնության հասնելիս։ Մայրը պատմում է․ «Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գնացել է, որ վիրավոր փրկի, էդ անտեր անօդաչու թռչող սարքը հարվածել է։ Պայմանագիրը կնքվել էր, իրենք խախտել էին»։

Մինչև պատերազմը Դոնարան ընտանիքի հետ ապրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում։ Ունի երեք աղջիկ, Արմենը միակ տղան էր։ Պատերազմի թեժ օրերին տղան հորդորում է ընտանիքին դուրս գալ տնից, հոկտեմբերի 10-ին ընտանիքը տեղափոխվում է Հադրութից Եղվարդ՝ հույսով, որ շուտով վերադառնալու են։
Բադասյանների ընտանիքը չէր կարող պատկերացնել, որ ոչ միայն այլևս չեն կարողանալու վերադառնալ իրենց տուն, որտեղ թողել էին ամեն ինչ՝ տունը, ապրուստի միջոցը, ինչ ստեղծել էին իրենց կյանքի ընթացքում, նաև ամենադաժանը՝ կկորցնեն միակ որդուն։
Ողբերգական լուրը ընտանիքն իմանում է նոյեմբերի 10-ին։ Դեռևս նախորդ օրը, երբ մայրը տղայի հետ խոսել էր, խնդրել էր վերադառնա՝ նշելով, որ Շուշին արդեն անցել է թշնամու ձեռքը: «Ասեցի՝ Արմե՛ն, պապան նայեց, արդեն Շուշին տված ա, փախի, արի, ցավդ տանեմ, ասեց՝ մամ, ես փախնող տղա չեմ»,- արցունքների միջից հիշում է որդեկորույս մայրը։
Դոնարան տղայի մարմինը չի տեսել, ասում է՝ ընտանիքի անդամները թույլ չտվեցին, քանի ասում էին՝ անճանաչելի է դարձել։
Որդեկորույս մայրն ասում է՝ նոյեմբերի 10-ից հետո իր կյանքը կանգ է առել, իմաստազրկվել, բայց ուժ են տալիս տղայի երեխաները, որոնց համար փորձում է ապրել:
«Ոչ ուզում եմ ապրել, ոչ էլ, բայց Արմենս երկու ժառանգ ունի, երկու տղա, մեծը՝ 6 տարեկան, փոքրը՝ 4, դրա համար ես ու ամուսինս ուզում ենք պայքարել, որ ապրենք, իրենց նպատակներին հասցնենք»,- ասում է Դոնարան։