Ո՛չ զոհված, ո՛չ անհայտ կորած. 48-ամյա մայոր Նիկոլայ Հայկյանի մարմինը 1 տարուց ավել է չի գտնվում

«Արդեն մի տարի անցել ա, պատերազմը մեզ համար չի ավարտվել»,- հուզմունքով ասում է 48-ամյա Կատյա Բուդաղյանը, որը պատերազմը սկսվելուց հետո՝ սեպտեմբերի 27-ից, ամուսնուց որևէ լուր չունի: Ամուսնու անունը հայտնվել է զոհվածների ցուցակում, բայց մեկ տարուց ավել է՝ մարմինը չի գտնվում։

«Անորոշության մեջ ենք ու ամեն օր սպասումներով՝ ԴՆԹ-ի պատասխան գուցե գա, ահավոր ա։ Զոհվածների առաջին ցուցակը որ կախել են, իրա անունը կար, բայց մինչև հիմա ոչ մի մասունք չեն ճարել, դրա համար իրա զոհվելու փաստը չենք կարողանում ապացուցել։ 

Ոչ մի կարգավիճակ չունենք՝ ո՛չ զոհվածի, ո՛չ անհայտ կորածի։ Իր անունը զոհվածների ցուցակում հայտնվել էր, բայց որ դիմում էինք զոհվածի կարգավիճակ ստանալու համար, ասում են՝ պետք ա դատաբժշկական փորձաքննության արդյունքները լինեն, որ մահվան վկայական տրվի: Դե, քանի որ մարմինը չեն գտել, չեն կարող ներկայացնել»,- պատմում է կինը։

Կատյան ասում է՝ կարգավիճակի չլինելու հարցը նաև հնարավորություն չի տալիս ֆինանսական փոխհատուցումներից օգտվել, ասում է՝ ցավը խորն է, կորուստը՝ մեծ, ֆինանսականի մասին անգամ մտածել չեն կարողանում, բայց կորցրել են տուն ու ունեցվածքը Հադրութի Թաղասեռ գյուղում, վերջին երկու ամիսներին 68-հազարական դրամ օգնությունն էլ չեն ստանում, ավելի խիստ են զգում սոցիալական խնդիրների ծանրությունը։

Կատյայի ամուսինը՝ 48-ամյա մայոր Նիկոլայ Հայկյանը, 30 տարի զինվորական ծառայության մեջ է եղել: Կինը հուզմունքով ասում է, որ ամուսնու հետ կատարված դեպքից հետո անտարբերություն է տիրում, պետության կողմից որևէ մեկը չի հետաքրքրվում իրենց վիճակով, ամուսնու հետ կապված որևէ տեղեկություն այդպես էլ չեն ստանում։

Պատերազմի առաջին օրվանից, երբ վիճակը Հադրութի Թաղասեռ գյուղում վատացել է, Կատյան երեխաների հետ դուրս է եկել՝ ամեն ինչ թողնելով: Ասում է, եթե իմանար՝ այլևս չեն վերադառնալու, գոնե ոսկյա զարդերը հետը կվերցներ։ 

Կատյան երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան, որտեղ սկզբնական շրջանում հորեղբոր ընտանիքի հետ է բնակվել, այնուհետև, երբ մեծ տղան զինվորական ծառայությունից վերադարձել է, դիմել է պետական մարմիններ՝ պաշտպանության նախարարություն, սոցիապ նախարարություն, սակայն կացարանի հարցով որևէ տեղից աջակցություն չի ստացել: 

«Մինչև պատերազմը մենք շատ լավ էինք ապրում, հիմա մենք ոչ թե դոփում ենք տեղում, այլ անընդհատ հետ ենք գնում, թե հոգեկան աշխարհը, թե ամեն ինչ խառնվել են իրար, մենք չենք կարողանում վերադառնալ զրո կետին, անընդհատ հետ ենք գնում։ Հիմա էլ որ տղայիս տարան բանակ, ավելի վատ»,- ասում է Կատյան։

Ապագայի մասին Կատյան չի կարողանում մտածել, ասում է՝ անընդհատ տագնապի մեջ է, միայն ցանկանում է, որ խաղաղություն լինի: