«Հայրենի երկրի այն պաշարը, որն ինձ դրդում է ստեղծագործել, ոչ մի ուրիշ տեղ ես չեմ կարող գտնել». ճանաչենք տաղանդավոր նկարչին ու նրա աշխատանքները

Ինձ չի ձգում արտերկիրը հատկապես ստեղծագործելու համար: Ես ունեցել եմ հնարավորություն ապրելու և ստեղծագործելու Փարիզում, բայց կարոտը թույլ չի տվել: Հայրենի աշխարհի այն պաշարը, որն ինձ դրդում է ստեղծագործել, ոչ մի ուրիշ տեղ ես չեմ կարող գտնել: Ի տարբերություն երիտասարդ տարիներիս, երբ ասում էին, որ հողն ուժ ունի, ես քամահրանքով էի վերաբերվում այդ մտքին, բայց տարիներ անց զգացի, որ հայրենի հողն իսկապես հզոր ուժ ունի:

Խոսքերի հեղինակը հայ նկարիչ և քանդակագործ Փափագ Սուրենի Ալոյանն է, ով ծնվել է 1951 թվականի փետրվարի 28-ին Կիրովականում:

Փափագը սովորել է Կիրովականի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցում: Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի գեղանկարչության բաժինը։

1972 — 1988 թթ. –ի ընթացքում դասավանդել է թիվ 8 հանրակրթական դպրոցում։

1972 — 1973 թթ. –ին ծառայել է Բելագորսկ քաղաքում, որտեղ, ծառայության ընթացքում, ակտիվ մասնակցություն է դրսևորել Հեռավոր Արևելքի Մարտական Փառքի թանգարանի ձևավորման աշխատանքներին՝ պարգևատրվելով հատուկ դիպլոմով։

1974 թ. –ին ամուսնանում է, ունի երկու զավակ։

1975 թվականից մասնակցում է միջազգային, միութենական, հանրապետական և համաքաղաքային ցուցահանդեսների։ Ստեղծագործական և աշխատանքային ակտիվ գործունեության արդյունքում կազմակերպվել են թվով 145 խմբային և անհատական ցուցահանդեսներ: Շնորհիվ 2001 թվականին հրատարակված «Անթեղ» բանաստեղծությունների ժողովածուի, պարզ դարձավ, որ ի դեմս Փ. Ալոյանի՝ ունենք նաև գողտրիկ բանաստեղծությունների հեղինակի։ Արվեստագետի ավանդը մինչև այժմ գնահատվել է տարբեր ատյաններից շնորհված պատվոգրերով, դիպլոմներով, շնորհակալագրերով, իսկ 2011 թվականի հունիսին Փափագ Ալոյանն ընտրվեց Միջազգային Ինֆորմատիզացիայի ակադեմիայի իսկական անդամ:

Այսօր էլ նա լի է ստեղծագործելու և հասարակական մանկավարժական գործունեությամբ, իր բեղմնավոր աշխատանքը շարունակելու ավյունով։ Նրա բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ լրացնում են աշխարհի տարբեր երկրների հավաքածուները։

1985-2001 թթ. աշխատել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում` որպես կերպարվեստի ուսուցիչ-խմբավար, այնուհետև` փոխտնօրեն։

2001 թվականից Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենն է: 1996-2013 թթ. Հայաստանի նկարիչների միության Վանաձորի նկարիչների բաժանմունքի պատասխանատու քարտուղար։

2013 թվականից Հայաստանի նկարիչների միության Լոռու մարզի նկարիչների բաժանմունքի նախագահն է։

1987թ-ին դարձել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

1991թ-ին ՀՀ նկարիչների միության անդամ։

2011թ՝ Մոնրեալի միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի անդամ։

Այսօր անվանի նկարիչը 70 տարեկան է: