Թե ինչ արեց հայ հերոսը, երբ նրան ծաղրեցին աղջիկ ունենալու համար

«Թաթուլը հայ տղամարդու ` մինչ այժմ  իմ ճանաչած ամենաիդեալակն կերպարն է, որովհետև, լինելով ուժեղ, հզոր, առնական, միաժամանակ շատ քնքուշ հոգի ուներ»,- ասում է կինը:

Երբ հարցը վերաբերում էր իր ժողովրդի, հայրենակիցների անվտանգությանը, Թաթուլը հակառակորդի հանդեպ կարող էր լինել անհանդուրժող, սարսափելի, սակայն մտերիմների, ընկերների և ընտանիքի հանդեպ ամենանուրբն ու ամենաքնքուշն էր։  Նա հզոր թիկունք էր ոչ միայն ընտանիքի, այլև ընկերների համար:

Թաթուլն սպասում էր , որ պետք է տղա ունենա և անզիջում էր այդ միտքը բոլորին հաղորդելիս: Այն ժամանակ գոյություն չուներ երեխայի սեռը ստուգելու հնարավորություն, բայց նա բոլորին ասում էր` ես զույգ տղա եմ ունենալու: Եվ երբ ծնվեց Ասպրամը, այդ օրը մեծ ուրախություն էր եղել: Հանրակացարանի սենյակում ընկերներով  հավաքված են եղել, ընկերներից մեկը կատակել է`  ասում էիր` տղա-տղա, տեսա՞ր` աղջիկ ծնվեց: Թաթուլը  հսկայամարմին էր, իսկ տղան, ով այդ կերպ էր արտահայտվել, ավելի փոքրամարմին: Ընկերները պատմում են, թե ինչպես է Թաթուլն այդ տղային բռնել, բարձրացրել գլխից վերև ու այնպես խփել հանրակացարանի մահճակալին, որ մահճակալը կոտրվել է: Այդքանից հետո էլ հավելել է` տղամարդուց տղա է ծնվում, լավ տղամարդուց` աղջիկ:  Այդ հարցն այդպես փակվեց , այլևս ոչ ոք չէր համարձակվում ասել, որ աղջիկ ես ունեցել:

Թաթուլի աղջիկը՝ Ասպրամը ծնվեց Արցախյան շարժման երևանյան առաջին ամենամեծ ցույցի օրը` փետրվարի 20-ին, երկու տարի անց:

Քանի որ Արցախյան շարժումից  անցել էր երկու տարի, և  խոսել Արևմտյան Հայաստանի մասին, երբ անգամ Արցախի ազատագրումն էր անհասանելի թվում, Թաթուլն ասում էր․«Կտեսնեք` Կարսն էլ կվերցնեմ, աղջկաս այնտեղ թագուհի կդարձնեմ»: