Գիտե՞ք, թե ով էր Խորհրդային Միության առաջին հայ հերոսը

Այսօրվա պատմությունը Լազար Չափչախյանի մասին է․ նա առաջին հայն էր, որ Խորհրդային Միության հերոս դարձավ։ Չափչախյանը ծառայել է ավիացիայում, առաջին մրցանակը՝ Կարմիր աստղի շքանշանը, ստացել Ֆինլանդիայի հետ պատերազմում։

Մեկ տարի անց սկսվեց Հայրենական պատերազմը, և արդեն փորձառու կործանիչ-օդաչուն հայտնվեց Բալթիկայի երկնքում ու թշնամու մի քանի ռմբակոծիչ խոցեց, ինչի համար պարգևատրվեց Լենինի շքանշանով։ Հիշեցնենք` նույն երկնքում է կռվել նաև Նելսոն Ստեփանյանը՝ երկրորդ հայը (Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հետ), ով երկու անգամ է հերոս դարձել։

1942թ․, ֆաշիստական զորքերը մեկը մյուսի հետևից գրավում են խորհրդային քաղաքները։ Օդաչու-քաղղեկ Լազար Չափչախյանի՝ Ռուսլանին և Լյուդմիլային (դստերն ու որդուն) ուղղված նամակից․

«Բարև, սիրելի որդիս, Ռուսլանչիկ։ Դու գրում ես, որ հրացան ու հակագազ ունես, և որ պատրաստվում ես ռազմաճակատ մեկնել՝ հայրիկի հետ ֆաշիստներին ջարդելու։ Ինչ ասեմ, դա լավ գործ է, բայց դու դեռ մի քիչ էլ պետք է մեծանաս, և այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի․․․»

«Սիրելի դստրիկս, Լյուդմիլոչկա։ Ողջույն քեզ ռազմաճակատում գտնվող հայրիկից։ Շուտով մենք բոլոր ֆաշիստներին կջարդենք, և ես կգամ ձեզ մոտ։ Քո նամակը ստացել եմ։ Գրում ես, որ շատ ես կարոտում։ Ոչինչ, մի քիչ էլ կարոտիր, շատ քիչ է մնացել․․․ Ռուսլանը պատրաստվում է ռազմաճակատ գնալ, դու էլ քեզ համար կարմիր խաչով թևկապ պատրաստիր՝ բուժքույր կլինես․․․»

Լազար Չափչախյանը զոհվել է օդակայանում` փորձելով փրկել անփորձ օդաչուին։

Խորհրդային Միության հերոսի կոչումը նրան շնորհվել է 1942թ․-ի հուլիսի 21-ին, և այդ հարցում նա առաջինն է դարձել Հայրենական մեծ պատերազմի աստղային հայերից։ Իսկ առհասարակ, հիշեցնում եմ, նրանք 100-ից ավելի էին։