Ինչու՞ Հովհաննես Շիրազի գերեզմանի վրա տապանաքար չկա. հետաքրքիր պատմություն հենց Շիրազից

Արարատ լեռը շատ յուրահատուկ խորհրդանիշ է հայերիս համար, և նրան անդրադարձել են գրեթե բոլոր հայ բանաստեղծներն ու գրողները։ Բայց ոչ ոք այնքան տողեր չնվիրեց նրան, որքան Շիրազը։ Ժամանակակիցները հիշում են նրա արտահայտությունը, որը նա կրկնում էր, երբ խոսքը վերաբերում էր այլ ժողովուրդների ձեռքբերումներին՝ «Թող բոլոր ժողովուրդները հասնեն լուսին, միայն թե հայ ժողովուրդը հասնի Արարատին»:

Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, որտեղ հանգչում են հայ գիտության ու մշակույթի ականավոր գործիչները, միայն Հովհաննես Շիրազի գերեզմանն է առանց տապանաքարի։ Գերեզմանը պատված է խոտով և շրջանակված է սպիտակ մարմարե եզրագծով։ Կա նաև բանաստեղծի կիսանդրին։

Բայց գերեզմանաքար չկա։ Այդ մասին նա անձամբ է խնդրել ավագ որդուն՝ Արա Շիրազին։

«Հարյուր կամ հինգ հարյուր տարի կպահանջվի, միևնույն է, նույն Մասիսը մի օր մերը կլինի, և այդ ժամանակ իմ ժողովուրդը ուրախությունից կբղավի։ Եթե ​​վրաս քար դնես, ես ո՞նց կլսեմ այդ բղավոցները, որտեղի՞ց իմանամ, որ Մասիսը մերն է…»,- ասել է Շիրազը որդուն։

Շիրազը մահացել է 1984 թվականի մարտի 24-ին։ Իսկ որդին կատարել է հոր խնդրանքը։