«Իրականում մենք չգիտենք, թե ով ենք մենք». Խորեն Լևոնյանը 6 զինվորների մասին ֆիլմ է նկարահանում

Դերասան, երգիչ, հաղորդավար Խորեն Լևոնյանը երկար ժամանակ է, ինչ բացակայում է էկրաններից: Պատճառը նրա նոր զբաղվածությունն է և նոր մտքերը, որոնք նա ունեցել է պատերազմից հետո:

Խորեն Լևոնյանն ու իր թիվը աշխատում են փաստավավերագրական ֆիլմի վրա, որը կոչվելու է «Հույս»: Ֆիլմն այն 6 տղաների մասին է, որոնք շրջափակման մեջ էին մնացել և մյուս 6-ի, որոնք զոհվեցին: Վերջերս նաև Խարենը թողարկել է իր երգերի ալբոմը, որոնք ևս կներգրավվեն ֆիլմի մեջ:

Դերասանը նկատում է, որ մենք՝ հայերս, անընդհատ ողբի, լացուկոծի ու սգի մեջ ենք: Մենք նույնիսկ այդպիսի տրամադրություն փոխանցող երգեր ենք նախընտրում: Սակայն նրա կարծիքով՝ պետք է ավելի ամրանալ, պնդանալ, լինել ուժեղ և արժանի այն բոլոր հերոսներին, ովքեր մարտում ընկան հանուն մեր բարեկեցիկ ապագայի:

Խորեն Լեւոնյանը

«Կուզեի ֆիլմ նկարել սովորական երիտասարդ զինվորի մասին, ով հայտնի ընտանիքից չէ, մեծ անուն չունի, հասարակ տղա է` ավտոմատը ձեռին: Այդ տղերքին մենք չենք կարող մոռանալ: Դա նրանց հետ չի բերի, բայց  գուցե հետ բերի մեր ազգային ինքնությունը: Ո՞վ ենք մենք, ո՞նց կարող էր 18-19 տարեկան տղան ավտոմատով զինվորական մեծ արսենալի դեմ կռվել: Մենք պետք է մտածենք ապագա սերունդների մասին: Գուցե հիմա ամեն ինչ խարխլված է, բայց եթե չենք ուզում, որ այդպես մի 20 տարի եւս շարունակվի, պետք է մտածենք՝ ովքեր ենք լինելու եւ ուր ենք գնալու»,- նշում է դերասանը: