Մարինեն պատերազմում կորցրեց 52-ամյա ամուսնուն՝ Ստեփան Սեյրանյանին. Հիմա միայն ապրում է երեխաների համար

52-ամյա Մարինե Սեյրանյանը Արցախի Մարտունու շրջանի Խերխան գյուղից է։ Մասնագիտությամբ ուսուցչուհի Մարինեն օրը ծանրաբեռնում է առօրյա աշխատանքով, հողագործությամբ, անասնապահությամբ, դպրոցում երեխաներին դասավանդելով, որպեսզի ընտանիքին պատուհասած ողբերգությունից չխելագարվի և ուժ գտնի՝ ապրելու։ 

Մարինեի ամուսինը՝ 52-ամյա Ստեփան Սեյրանյանը, զոհվել է Արցախյան պատերազմում։ Ստեփան Սեյրանյանը Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում հակառակորդի դեմ թեժ պայքար մղելիս անօդաչու թռչող սարքի հարվածից տեղում մահացել է։

«Հոկտեմբերի 22-ին խոսել եմ իր հետ, երեկոյան կողմը զոհվել է, երեք հոգուց մեկը վիրավորվել ա, երկուսը տեղում մահացել են, որից մեկը՝ ամուսինս։ Մենք նույն օրը գյուղից դուրս էինք գալիս, տեղահանվում էինք, արդեն Շուշի էինք հասել, որ զանգեցին՝ ասեցին զոհվել ա»,- արցունքն աչքերին հիշում է Մարինեն։

Ասում է՝ բառերով զգացողություններն ու ապրումները նկարագրել անկարող է՝ ցավը խորն է, կորուստը՝ մեծ։

«Հիմա ավելի շատ վախեր ունեմ, երեխաներիս ասում եմ՝ դուրս եկեք, գոնե մեկնումեկդ գնացեք ուրիշ տեղ, էն էլ ոչ մի տեղ չեն գնում»,- դողացող ձայնով ասում է Մարինեն։

Մարինեն բազմազավակ մայր է՝ երեք տղա և մեկ աղջիկ ունի։ Ասում է, որ երեխաների համար է ապրում, հիմա միակ մտածմունքը երեխաների հետ է կապված, որ գոնե նրանք կարողանան լավ ապագա ունենալ․ «Ուրիշ ինչի՞ մասին կարող եմ մտածել, երեխաներիս մասին եմ մտածում ու երկրի մասին՝ վիճակն ինչպիսին կլինի»,- նեղսրտած ասում է 52-ամյա կինը։