«Նույնիսկ երեխուս թաղմանը չգնացի, ասեցին՝ չեն թողնում ավտոներն անցնեն». Մայրը չի համակերպվում ՀԵՐՈՍ որդու՝ Միշա Առաքելյանի կորստի հետ

«Որ իմացա, գժված ման էի գալիս, մինչև հիմա էլ գժված եմ, սաղ օրն արցունքն աչքերիս ա, առանց երեխուս չեմ կարա ապրեմ»,- ծանր ապրումների մասին պատմում է 53-ամյա Եվգինե Առաքելյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է 26-ամյա որդուն՝ Միշա Առաքելյանին։

Եվգինե Առաքելյանը մինչև պատերազմը ընտանիքի հետ բնակվել է Արցախի Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղում, որտեղ ունեին երկու տուն, առատ մրգերով ու բանջարեղենով այգի։ Պատերազմի հետևանքով Առաքելյանները կորցրել են Հովտաշենում երկար տարիների ստեղծած ունեցվածքը, սակայն ընտանիքի համար ամենածանրը որդու զոհվելն է։

Միշա Առաքելյանն աշխատել է Մարտակերտի շրջանի Կաշեն հանքավայրում, սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի լուրն իմանալուն պես, կամավորագրվել է և մեկնել հայրենիքի պաշտպանելու: Մարտակերտում հակառակորդի դեմ պայքարելիս զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

Միշա Առաքելյանը զոհվել է հոկտեմբերի 7-ին, մայրը որդու մահվան մասին իմացել է երկու օր անց՝ տղայի թաղման օրը։ Ասում է՝ կասկածում էր, որ ինչ-որ բան այն չէ, սակայն իրեն չէին ասում․ «Ինձ չէին ուզում հայտնեին, Մոսկվայում ամուսնացած աղջիկ ունեմ, ամսի 9-ին զանգեց, ասեց՝ խաբար չունե՞ս երեխուց։ Զանգեցի աղջկաս կիսուրին, ասում եմ՝ ինձ ասեք, ի՞նչ ա եղել, ի՞նչ ա կատարվում, ասեց՝ ինչ թաքցնեմ, Միշադ էլ չկա։ Թաղման օրն էր, ուզեցի գնամ Ղարաբաղ, չթողեցին , ասեցին՝ չեն թողնում ավտոներն անցնեն» ,- արտասուքով պատմում է որդեկորույս մայրը։

Անչափ հոգատար, աշխատասեր, ուշադիր․ հարազատներն այսպես են հիշում Միշային։ Եվգինեն վեց երեխայի (չորս տղա, երկու աղջիկ) մայր է, ասում է՝ տղան առանձնանում էր բոլոր երեխաների մեջ։ «Շատ ուրիշ բալա էր, իմ երեխեքի աչքն ա եղել, որտեղից անցել ա, ասել են՝ երանի, որ իր պես տղա ունես, սաղի աչքին երևացել ա որպես լավ տղա, խելոք էր, հարգանքով»։

Որդեկորույս մայրը ցավը հաղթահարել չի կարողանում, ասում է՝ բուժում չկա։ «Հաղթահարելու համար ուժ չկա, դա նենց ցավ ա, որ մինչև կյանքիս վերջը ինձ հետ կմնա, դա բուժվող ցավ չի, թագավոր բալաս կորցրել եմ, ո՞նց պիտի լավ լինեմ, լավ հնարավոր չի լինել»,- խոսքը հուզմունքի պատճառով ընդհատում է Եվգինեն։