Հայկական խաչքարի առեղծվածը

Գրեթե բոլոր հայկական հոգևոր կառույցները զարդարված են խաչքարերով: Բազմաթիվ եկեղեցիների պատերին կարելի է տեսնել փորագրված խաչի պատկերներ, որոնք իրենց հատուկ նշանակությունն ունեն: Հայերն այնքան մեծ հարգանք և պաշտամունք էին ստեղծել խաչերի շուրջ, որ այս խորհրդանիշը քարտաշ վարպետներին ստիպեց ստեղծել արվեստի այս յուրահատուկ գլուխգործոցները:

Խաչքարերը երբեք չեն կրկնվում: Խաչքարի գլխավոր նպատակն է կապ ստեղծել Աստծո հետ: Խաչքար կանգնեցնելու շարժառիթները բազմաթիվ են: Կան խաչքարեր, որոնք կանգնեցվել են ինչ-որ հաղթանակների առիթով: Կան խաչքարեր, որոնք դրվել են ճանապարհների վրա: Կան նաև այսպես կոչված փրկիչ խաչքարեր:

Խաչքարագործ վարպետն ինքն է ընտրում խաչքարի ոճն ու պատկերները: Խաչքարի հիմնական հումքը դեղնակարմրավուն տուֆն էր: Սկզբում փորագրվում էր խաչը, այնուհետև այն զարդարվում էր ազգային խորգրադանիշ հանդիսացող խաղողի և նռան պատկերներով:

Խաչքարի ստորին հատվածում շատ հաճախ փորագրվում է նաև հավերժության նշանը, որը նույնպես հոգևոր խորհրդանիշներից մեկն է: Այն խաչի հետ միասին խորհդրանշում է կյանքի շարունակականությունն ու ազգային պատկերացումները հավատի մասին: Խաչքարի ամենայուրահատուկ հորինվածքի տարրն իր անվերջությունն է:

Շատ կարևոր է նաև խաչքարերի տեղադրելու կարգը, որի ամենակարևոր դրվագը դրանց օծումն է: Նախ օծվում է խաչի ակը՝ կենտրոնը, այնուհետև թագը՝ այսինքն խաչքարի վերին մասը, այնուհետև աջ և ձախ կողմերը, իսկ վերջում արդեն ստորին հատվածը՝ բունը: Օծելության կարգը իրականացվում է հատուկ շարականներով: