Ի՞նչպես 23-ամյա Նարինեն Լիբանանից հայտնվեց Գյումրիում։ Խաչքարի խորհրդավոր ուժը

Բեյրութից Գյումրի հարս եկած Նարինեի պատկերացումներն իրական հայ ընտանիքի մասին մի փոքր ալյ էին: Ինքը խաչքարեր է պատրաստում, իսկ ամուսինը՝ ժորան քաղպաշտպանության գիտելիքներ տալիս:

Հայրենիքում հետաքրքիր զբաղմունք գտնելու ցանկությունը 2018 թվականին Նարինե Փոլադյանին Լիբանանից Հայաստան բերեց։ «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր եկավ, հետո մի օր պատահական Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին: Սերը քարի հանդեպ այնքան ուժգին էր, որ ուզեց «քարն իրենով անել»:

Կանացի նուրբ ձեռքերով կոշտ քարից զարդանախշեր ու խաչքարեր ստանալ առաջինը սովորեցրեց վարպետը՝ Համբիկ Համբարձումյանը:

Հենց խաչքարն էլ միջոցառումներից մեկի ժամանակ «ծանոթացրել է» Նարինեին ապագա ամուսնու՝ Ժորայի հետ։ Նախ ընկերացել են, հետո ամուսնանալու որոշում կայացրել: Հենց այդպես էլ Լիբանանից Հայաստան եկած Նարինեն հայտնվել է Գյումրիում։

Հիմա Նարինեն սովորում է Գյումրու արվեստի ակադեմիայի մագիստրատուրայի քանդակագործության բաժնում: Թեև ծնողները դժվարությամբ են ընդունել աղջկա` Հայաստան տեղափոխվելու որոշումը, բայց հետո ամեն ինչ փոխվել է։

«Եկան այստեղ, տեսան` ինչով եմ զբաղվում ու ասին ՝ չէ՛, քո տեղն այստեղ է»:

Խաչքարը 23 ամյա Նարինեի համար նախ հոբբի էր, հիմա արդեն աշխատանք՝ պատվերներ ունի ու օրվա մեծ մասն արվեստանոցում է անցկացնում` ինչպես խաչքարեր, այնպես էլ հայկական յուրահատուկ զարդանախշերով տարբեր քանդակներ է ստեղծում։

 «Քարը չվնասելու համարը նույնիսկ մտքերդ չպետք է խանգարեն: Չեմ սիրում, երբ խաչքարը սիմետրիկ է. իմ խաչքարերի մեջ աջ ու ձախ կողմերը տարբերվում են»,-ասում է Նարինեն:

Նրա գործերը չեն կրկնվում: Պատվիրատուների մեջ ոչ միայն հայեր են, այլ նաև այլազգիներ:

Երիտասարդ ընտանիքը դեռ երեխա չունի։ Նարինեն ասում է՝ երբ փոքրիկ ունենան, իր հետ արվեստանոց կբերի։ Եթե աղջիկ լինի, թող մայրիկի գործը շարունակի, իսկ եթե տղա՝ հայրիկի: