19-ամյա ՀԵՐՈՍ Գառնիկ Եգանյանը զոհվեց մարտի դաշտում՝ կիսատ թողնելով բոլոր երազանքները. Դեպքից հետո որդեկորույս մայրն անգամ հոգեկան խնդիրներ ունեցավ

Եթե փողոցում մեկին նմանեցնում եմ՝ էդպես բարձրահասակ, թիկնեղ, կանգնում, նայում եմ, գիտեմ, թե ինքն ա գալիս: 42-ամյա Անահիտ Եգանյանը պատերազմի հետևանքով կորցրել է մինուճար որդուն, ողբերգական դեպքից հետո որդեկորույս մոր համար կյանքը դժոխք է թվում։

Տղան՝ 19-ամյա Գառնիկ Եգանյանը, ժամկետային զինծառայող էր։ 

44-օրյա պատերազմի ժամանակ մինչև հոկտեմբերի 30-ը Գառնիկը հակառակորդի դեմ կռվել է Հադրութում, կրակել է միաժամանակ երկու զենքով. «Ինքը նռնականետ ու մեծ զենք ա կրակել»։ Հոկտեմբերի 30-ին տեղափոխել են Մարտունի, որտեղ զինակից յոթ ընկերների հետ զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։

Վշտացած մայրն ասում է՝ տեղափոխել են մի բարձունք, որտեղ ոչ խրամատ է եղել, ոչ պաշտպանական որևէ համակարգ։

Մայրը կարոտով նկարագրում է որդուն՝ բարձրահասակ, բոյը՝ 1․85, սպորտով է զբաղվել, սուսերամարտի է հաճախել, սիրել է կյանքն ու անչափ ընկերասեր։ Ասում է՝ իր ու որդու միջև գաղտնիք չկար, շատ կապված էին․ «Տղաս սիրած աղջիկ ուներ, դասընկերուհին էր, հիմա մենք մայր ու աղջիկ ենք դարձել»,- հուզվում է Անահիտը և հիշում, որ մինչև բանակ գնալը որդին որոշել էր՝ գա, ոսկերչություն սովորի, ընտանիք կազմի:

Անահիտը մենակ է մեծացրել որդուն, մինչ որդուն կորցնելը այս ընտանիքը ևս մեկ ողբերգություն է տեսել, Գառնիկը 3․5 տարեկան է եղել, երբ Անահիտը ավտովթարի պատճառով կորցրել է ամուսնուն։

Ասում է՝ այդ դեպքից հետո օրնիբուն աշխատել է, կատարել ամենատարբեր աշխատանքներ, որ տղան որևէ բանի պակաս չունենա, բոլոր երազանքներն ու նպատակները կապել է որդու հետ, իսկ հիմա մնացել է միայնակ ցավի ու կսկիծի մեջ։

Որդու զոհվելուց հետո Անահիտը առողջական խնդիրներ է ձեռք բերել, բուժում ստացել, հոգեբանի է այցելել․ «Շատ վատացա, էն կարգի, որ ինձ տարան բժշկական կենտրոն, դեղեր նշանակեցին, հոգեպես լավ չէի, հավասարակշռությունս կորցրել էի, տեղս չէի գտնում»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 42-ամյա կինը։

Անահիտը ցավով նշում է, որ որդուն իր մորեղբոր անունով էին կոչել, ինչպես մորեղբոր հետ ճակատագիրը դաժան վարվեց, նույն կերպ էլ՝ որդու հետ․ «Իմ քեռին էլ Գերմանիայի Հայրենական մեծ պատերազմին ա մասնակցել, էլի զոհվել ա 19 տարեկանում… Ճակատագիրը կրկնվեց, դաժան ձևով կրկնվեց»,- հուսահատ ասում է մայրը։