48-ամյա ավագ լեյտենանտ Սամվել Վարդանյանին այդպես էլ օգնություն չհասավ, նա քաջաբար զոհվեց մարտի դաշտում

48-ամյա ավագ լեյտենանտ Սամվել Վարդանյանը երրորդ պատերազմն էր, որին մասնակցեց և հոկտեմբերի 1-ին հայրենիքը պաշտպանելիս զոհվեց Թալիշում։ «Ամուսինս Բաքվի փախստական ա, 1992 թվին եկել ա Ղարաբաղ, մնացել, կռվին ա մասնակցել, 93-ին ոտքից վիրավորվել ա: 2016-ին էլ իրան տարել են, կռվին մասնակցել ա, էս անգամ էլ ամսի 27-ի առավոտ շուտ կանչեցին։ Սկզբում Մարտակերտ-Մատաղիս գնաց, հետո էլ Թալիշ տարան, էնտեղ էլ զոհվեց»,- ցավով պատմում է կինը՝ Համեստ Վարդանյանը։

Ասում է, որ չնայած ամուսինը զոհվել էր հոկտեմբերի 1-ին, սակայն իրենք միայն մեկուկես ամիս անց են իմացել այդ մասին: «Քրոջս տղան մեզ խաբում էր, ասում էր՝ իրա հետ կապվում ենք, իրա տեղը անհասանելի ա, դրա համար չի կարում զանգի, հետո քրոջս տղան էլ զոհվեց, երեք երեխա էր ինքը ուներ»,- կսկիծով ասում է նա:

yntaniq

Համեստը պատերազմի օրերին երեք աղջիկների հետ Շուշիից Երևան է տեղափոխվել, ապաստանել հյուրանոցներից մեկում, այստեղ էլ իմացել ամուսնու զոհվելու լուրը: Ասում է՝ մինչ այդ արդեն կասկածներ ունեին, քանի որ չէին կարողանում կապ հաստատել ամուսնու հետ, բայց լուրն իմանալուց հետո էլ դժվար էր հավատալ եղելությանը։

Կինն ասում է, որ վիրավոր ամուսնուն գուցե հնարավոր լիներ փրկել, եթե տվյալ տարածք որևէ կերպ օգնություն հասներ, բայց․ «Շտապօգնությունը չի հասցրել, էդ կողմ ոչ մի մեքենա չէր գնում, եթե գնար, էլի հնարավոր կլիներ փրկել։

samvel

42-ամյա կինը կարոտով ու երանությամբ է հիշում մինչպատերազմյան կյանքը։ Ասում է՝ երեկոյան ընթրիքի սեղանի շուրջն ամուսինը հաճախ էր խորհուրդներ ու խրատներ տալիս երեխաներին:

«Ամեն երեկո ընտանիքով միասին նստում էինք, զրուցում տարբեր թեմաների շուրջ, միշտ ասում էր՝ մարդ պիտի հայրենասեր լինի, հարգանքով՝ մեծի հանդեպ, օրինակելի զավակ, մարդ, ամուսին»։

Կինն արցունքների միջից ասում է՝ ոչինչ, որ Շուշիում տունն ու տեղը, տասը տարվա արած-դրածը ջուրն ընկան, դրանց հետ հնարավոր է համակերպվել, բայց ամուսնու կորստի հետ ինչպե՞ս համակերպվի։

«Որպես ամուսին շատ ընտիր էր, որպես հայր էլ երեխաների համար հա՛մ հայր ա եղել, հա՛մ եղբայր, հա՛մ ընկեր։ Բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, բարեկամասեր, շատ օրինակելի, դրա համար համակերպվելը շատ դժվար է»,- ասում է կինը։

Համեստի կյանքը պատերազմից հետո գլխիվայր շուռ է եկել, արցունքն աչքերից անպակաս է, բայց ասում է՝ ամեն ինչ անելու են, որ ամուսնու երազանքներն իրականացնեն։