Որտեղ էր հանգստանում երևանցիների հարգանքն ու սերը վայելող պաշտոնյան․ նա հասցրեց ընդամենը մեկ գիշեր անցկացնել այնտեղ

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանն այս ամառանոցում ընդամենը մի գիշեր է անցկացրել, մեկնել է Վրաստան, որտեղ նրան սպանել են:

Դիլիջան քաղաքի վեր խոյացող բլուրն ընտրել է հենց Աղասի Խանջյանը: Որոշ տվյալներով՝ այդտեղ եղել է Ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը:

Տան շինարարությունը սկսվել է 1920-ականների վերջին, ավարտվել՝ 1936թ-ին: Հենց այդ տարի, պաշտոնական վարկածի համաձայն, Խանջյանն ինքնասպանություն է գործել, իսկ ոչ պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է Բերիան՝ հենց իր աշխատասենյակում:

Խանջյանի գրեթե բոլոր հետնորդները, որոնք Խորհրդային Հայաստանում ղեկավար պաշտոններ են զբաղեցրել, հենց այստեղ են անցկացրել իրենց հանգիստը: 80-ականների վերջին խմելու ջրի մեծ ավազանում տեղի ունեցած վթարի հետևանքով շենքի հիմքը վնասվել է, ինչն էլ կառույցի մասնակի ավերման պատճառ է դարձել:

Ամառանոցը գտնվում է Դիլիջանի գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Երևան տանող հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ շրջապատված ծառերով ու կանաչով։ Հիանալի վայր է անխռով հանգիստը վայելելու համար: Այս պահին տարածքը մասնավոր սեփականատեր ունի: